Հուլիսի 25-ից 29-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային 18-րդ փառատոնը, որը կմեկնարկի «Թումո» ստեղծարար կենտրոնում: Փառատոնի ընթացքում այս տարի կներկայացվի 75 ֆիլմ 28 երկրներից, որոնց թվում են 2004-2021 թվականներին «Ռոլան» փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը:
Պատանի հանդիսատեսին կներկայացվեն թե անիմացիոն, թե խաղարկային լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր: Փառատոնը կանցկացվի Երևանում, Գյումրիում, Գավառում, Իջևանում, Դիլիջանում և Ստեփանակերտում:
Փառատոնի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանն ասում է` հիմնական նպատակներից է ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը Երևանից դեպի մարզեր և Արցախ. «Նման ծրագրեր, նման մշակութային ոչ միայն փառատոն, այլ ընդհանրապես պետք է շատ ապակենտրոնացնել, ակտիվացնել մշակութային կյանքը մարզերում: Սա գերխնդիր պետք է դառնա և միջմարզային հարաբերությունները ակտիվացնել ոչ թե Երևան-մարզեր կապեր, այլ միջմարզային հարթակը»:
Փառատոնային ծրագիրը հագեցած է ոչ միայն ամենատարբեր մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությամբ, այլև ստեղծագործական հանդիպումներով, քննարկումներով` առավելագույն ներգրավելով հասարակության տարբեր սոցիալական շերտերի երեխաներին և պատանիներին: Նունե Մանուկյանի խոսքով` տարեցտարի ավելանում է հանդիսատեսի թիվը, առավել մեծ թվով երեխաներ ու պատանիներ են դառնում փառատոնին մասնակից: Բոլոր ցուցադրություններին և հանդիպումներին մուտքն անվճար է:
«Բացառապես անվճար է, դա փառատոնի ստրատեգիան է, որ մենք կարողանանք ներգրավել բոլոր երեխաներին: Իսկ հիմա մենք ուզում ենք վեկտորը դեպի մարզեր, որ այս տոնին, այս փառատոնին ունենանք մարզաբնակ հանրության մասնակցությունը փառատոնին:
Երեխաները, երբ ես հիշում եմ` 2000թ. գնում էին կինոթատրոն, նրանք չէին պատկերացնում, մարզերից երեխաները բերում էին, ամեն ինչ անում էինք, որ երեխաները մասնակցեն, բայց այդ կուլտուրան, մշակույթը չկար կինոթատրոն գնալու, և տարեցտարի ըստ նրան, ինչն է ավելի կարևոր, ինչ խնդիրներ կան, որ պետք է լուծվի, ինչ ուղղությունների վրա կարող ենք դնել շեշտը, որ կարողանանք ձևավորել նպատակ, այդ նպատակները փոխվում էին, որովհետև մենք ունեինք իրականություն, և այդ իրականությանը պետք էր համապատասխանել ու տեսնել` իսկ ինչ մենք ունենք, ինչ կարող ենք տալ, որ մենք կարողանանք այդ խնդիրները փառատոնի միջոցով, տարբեր ծրագրերի` թե սոցիալական, թե երեխաների իրավունքների, հաղթահարել ամեն տարի: Ամեն ժամանակաշրջան ունի իր նպատակները», - նշեց նա:
Ինչ վերաբերում է արտասահմանից ժամանող հյուրերին, փառատոնի նախագահն ընդգծեց. «Ցավում եմ, բայց հյուրեր չենք ունենա, որովհետև իրոք փառատոնին ֆինանսական աջակցություն է պետք: Դա լուրջ խնդիր է, որովհետև նման տեսակի փառատոնը, նման ֆորմատի, նման կոնտենտով փառատոն տարածաշրջանում ես հիմա կարող եմ ասել` չկա: Ֆինանսական դժվարություններ ունենալով պատճառով մինչև 2019 թիվը մենք ունեցել ենք լիարժեք փառատոն, հիմա դա շատ դժվար է կազմակերպել: Միշտ նախարարությունը ֆինանսավորել է, բայց այս տարի մենք օբյեկտիվ պատճառներով չենք դիմել, բայց միշտ ֆինանսավորվել ենք: Իհարկե, դա այն գումարը չի, ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ նման փառատոնները ստրատեգիական նշանակություն ունեն, որ հետո մենք ունենանք այն հասարակությունը, ինչ ուզում ենք ունենալ: Դրա համար սա նաև կրթական ծրագիր է, հետո արդեն բազմակողմանի զարգացման, իսկ հետո արդեն երեխայի կազմավորման և հետագայի ինչ հանրություն ենք մենք ուզում»:
Փառատոնը տեղի կունենա «Ռոլան բիկով» հիմնադրամի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Երևանում «Գյոթե» կենտրոնի աջակցությամբ: