Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորի փաստաբանը պնդում է` գործը կարող է կարճվել. Սոնայի իրավահաջորդի փաստաբանը հակադարձում է

Ծաղիկներ, խաղալիքներ և մոմեր փողոցում, որտեղ Սոնա Մնացականյանը վրաերթի էր ենթարկվել, Երևան

Վարչապետ Փաշինյանին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործը կարող է կարճվել, ասում է ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի փաստաբանը:

«Իմ կռիվը դա է հենց, ու ես հիմա նորից շարունակում եմ պնդել, որ այս վրաերթի մեջ մեղավորությունը հետիոտնինն է», - ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Սոնա Մնացականյանի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը վարորդի պաշտպանի մեկնաբանությունը մեկնաբանելու մեծ ցանկություն չունի. «Եթե որևէ մեկը պաշտպանին այդպիսի երաշխիք է տվել պետական մակարդակով, ես դրանից տեղյակ չեմ, բայց քրեական գործն այդպիսի հեռանկար չունի»:

Հենց Նավասարդյանի վարած «Տոյոտա պրադոն» է հարվածել 29-ամյա հղի կնոջը Լեո-Պարոնյան խաչմերուկի հետիոտնային անցումի վրա: Վարչապետին ուղեկցող շարասյան ոչ մի մեքենա մահացու վրաերթից հետո կանգ չի առել:

Վարորդի փաստաբանը պնդում է՝ մայորն անմեղ է, այժմ լրացուցիչ փորձաքննություններ են նշանակված. «Հարց է դրված, որ եթե հետ չգար, այդ վրաերթը կունենար, թե ոչ, քանի քայլ է հետ գալիս»:

Մահացած կնոջ իրավահաջորդի փաստաբան Ասլանյանի խոսքով` առաջնային փորձաքննությամբ արդեն իսկ հաստատվել է, որ վարորդի արարքում խախտում կա, նա գերազանցել է արագությունը. «Եվ նշվել է, որ անկախ ամեն ինչից վարորդը մեղավոր է, քանի որ ինքն իր արագության արդյունքում չի կարողացել վրաերթը կանխել»:

Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման կարգով այս մեքենայի արագությունը քաղաքներում ու բնակավայրերում չպետք է գերազանցի 100 կմ/ժամը, եղել է շուրջ 108:

«Ոչ մի էական նշանակություն չունի,- ասում է վարորդի փաստաբանը, - գերազանցելու համար ինքը կարա դիսցիպլինար էլ պատասխանատվության ենթարկվի, ասենք` տույժ ստանա»:

Շուրջ երեք ամիս է` այս գործը նախաքննության փուլում է, վարորդը` ազատության մեջ: Դատարանը մերժում է նրան կալանավորելու դատախազի բողոքը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Իսկ Սոնայի ընտանիքը պնդում է՝ այս ընթացքում՝ երբ մայորն ազատության մեջ է, ապացույցներ են ոչնչացվում:

«Ոչնչացվել են ռազիայով խոսակցությունները, այսինքն` այդ ընթացքում մինչև վթարը ով ինչ է խոսացել վարորդի հետ, ինչ հրահանգ են տվել, կարգավորող միլիցիոներն այդ հրահանգը երբ է ստացել, իրենց շչակները երբ են միացել: Այդ ամեն ինչը հարցրե են, որ պետք է բոլորը շատ պատշաճ կերպով` փաստաթղթավորված հանձնվեին գործը վարող քննիչին, սակայն քննիչի մոտ ոչ մի նմանատիպ բան չի հայտնվել», - նշեց Սոնա Մնացականյանի մայրը` Արմինե Մակինյանը:

Վարորդի պաշտպանը չի կարծում, թե էական նշանակություն ունեն այդ խոսակցությունները նույնպես. «Իրենց կողմից թեժացվում է այս գործի քննությունը, կրակի վրա իրենք բենզին են լցնում», - նշեց Ռուբեն Բալոյանը, հետո ասաց, որ պարզ չէ, թե ինչպես, մահացու վրաերթից առաջ էլ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել. «Ռացիայով խոսակցությունները երկու օր առաջվանից սկսած չեն եղել, ինչ-որ մի բան խափանված է եղել, տենց ասացին, ու դա այս գործի համար կապ չունեցող խնդիր է ախր»:

Մահացած կնոջ ընտանիքն ու փաստաբանը վստահ են՝ կանխակալ նախաքննություն է իրականացվում՝ ապահովելու հղի կնոջ ու ու նրա դեռ չծնված երեխայի մահվան մեղավորների անպատժելիությունը: Սոնա Մնացականյանի մայրն ասում է՝ դստեր մահը անմիջապես չի վրա հասել, ըստ փորձաքննական գնահատումների, մոտ 1.5 ժամ հետո, եթե վրաերթի ենթարկողը կանգ առներ. «Ինչպիսի հրահանգ էլ ուզում է նա ստացած լիներ, որ պետք է կանգնել, պետք է չկանգնել, այստեղ զուտ մարդկային առումով վերցրած նա պարտավոր էր կանգնել, թեկուզև իրեն աշխատանքից հեռացնելու վտանգի տակ լիներ: Պարտավոր էր հանրապետության վարչապետը կանգնել ու տեսնել` այնտեղ ինչ է կատարվել: Սա, ինձ թվում է, ընդհանրապես ոչ մի մեկնաբանության կարիք չի ակնկալում», - նկատեց Արմինե Մակինյանը:

Վարորդի փաստաբանը հակադարձում է՝ իր պաշտպանյալը եթե կանգ առներ, շարասյան մյուս մեքենաները կլցվեին վրան, որովհետև երթևեկությունը մի գծով էր:

«Երկրորդը` այստեղ անվտանգության խնդիրներ կան էլի, ի վերջո դուք միշտ մոռանում եք, ես չգիտեմ ինչ նպատակներով, որ Արամ Նավասարդյանը երկրի ղեկավարին է ուղեկցել», - շեշտեց Ռուբեն Բալոյանը:

Մայրը չի խաղաղվում՝ հղիությունը 7.5 ամսական էր, գոնե երեխան կփրկվեր. «Կեսարյան հատում անեին, միգուցե երեխան կենդանի փրկվեր, գոնե երեխան մնար, շատ հնարավոր է, շատ հնարավոր է, որ այդ հապաղելու ընթացքում է երեխայի սիրտը կանգնել»: