Ուկրաինայում մոտ հինգ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 15 հազար ռուսաստանցի զինվորական, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
«ԱՄՆ-ի հետախուզական համայնքի վերջին գնահատականներով` 15 հազար զոհ սպանված, և մոտ երեք անգամ ավելի վիրավորներ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
«Ուկրաինացիները նույնպես տուժել են, հավանաբար ավելի քիչ, բայց, այնուամենայնիվ, դրանք զգալի կորուստներ են»,- հավելել է ԱՄՆ ԿՀՎ տնօրենը։
Հիշեցնենք՝ Խորհրդային Միությունը Աֆղանստանում տասնամյա պատերազմում կորցրել է մոտ 15 հազար զինվորական։
Մոսկվան ու Կիևը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ տվյալներ է հրապարակել մարտի 25-ին՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1351 մարդ, վիրավորվել` 3825-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջոն Քիրբի. «Մոսկվան Ուկրաինայի տարածքի էական մասը զավթելու հիմք է ստեղծում»Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը զինվորականների շրջանում կորուստների վերաբերյալ առ այսօր որևէ տեղեկատվություն չի ներկայացրել, փոխարենը պնդում է, որ սպանված ռուսաստանցիների թիվը մոտ 39 հազար է։
Ուկրաինական բանակում կորուստների մոտավոր թիվ է անցած ամիս հրապարակել այդ երկրի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը՝ հայտարարելով, որ փետրվարից ի վեր սպանվել է մոտ 10 հազար ուկրաինացի զինվորական։
Պատերազմական իրավիճակը
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժման 148-րդ օրը ռուսական զորքերը շարունակում են ուկրաինական բնակավայրերի գրավման փորձերը։ Բրիտանական ռազմական հետախուզությունն իր ամենաօրյա տեղեկագրում նշում է, որ ռուսական բանակը մոտենում է ուկրաինական մեծությամբ երկրորդ էլեկտրակայանին՝ Ուգլեգորսկին, որը գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Բրիտանացի փորձագետների կարծիքով` Կրեմլը մարտի դաշտում նախապատվությունը տալիս է ազգային նշանակության ենթակառուցվածքներ զավթելուն, սակայն այս ուղղությամբ առաջխաղացման իրական նպատակը Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքների նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն առաջիկայում կավելացնի Ուկրաինային փոխանցվող HIMARS տեսակի համազարկային կրակի համակարգերի թիվըՄինչ այդ այսօր կրկին կրակի տակ են հայտնվել ուկրաինական բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում` երեկ օդային հարվածների ենթարկված Խարկով քաղաքը։ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է երեք խաղաղ բնակիչ, վիրավորների թիվը ավելի քան երկու տասնյակ է։ Խարկովի շրջվարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքերով` ռուսական ուժերը թիրախավորել են բացառապես փողոցներ, առևտրային կետեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ռուսաստանի ՊՆ-ն չի անդրադարձել Խարկովի շարունակական գնդակոծություններին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը այսօր մեկնաբանել է միայն անցած օրերին բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքեր խլած հարվածները՝ պնդելով, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցնում «ազգայնականների ժամանակավոր տեղակայման կետերին»։
Ռուսաստանը պլանավորում է հանրաքվե անցկացնել ուկրաինական օկուպացված շրջաններում. Bloomberg
Ուկրաինայում Կրեմլի քաղաքական նպատակների մասին այսօր որոշ մանրամասներ է պատմել Bloomberg գործակալությունը։ Վկայակոչելով իր աղբյուրները` ամերիկյան առաջատար լրատվամիջոցը գրում է, որ Ռուսաստանը պլանավորում է հանրաքվե անցկացնել ուկրաինական օկուպացված շրջաններում՝ Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում, Զապորոժիեում։ Bloomberg-ի աղբյուրները նշել են, որ օկուպացված շրջաններից բացի, Ռուսաստանին կկցվեն նաև այն բնակավայրերը, որոնք ռուսական ուժերը կգրավեն մինչև սեպտեմբեր։ Եթե Ռուսաստանին հաջողվի իրականացնել այս նպատակները, ապա Ուկրաինան կզրկվի իր տարածքի մեկ հինգերորդից, այդ թվում` Ղրիմի հետ ցամաքային կապից և Սև ծովի տրանսպորտային երթուղուց, որը Կիևին ծառայում է արտահանումների համար։
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է՝ Մոսկվայի «աշխարհագրական» խնդիրներն Ուկրաինայում փոխվել են։ Ռուսաստանյան պետական լրատվամիջոցների հետ զրույցում նախարար Լավրովը հայտարարել է, որ Կիևին արևտմյան սպառազինություն մատակարարելու պատճառով Ռուսաստանի իշխանություները որոշել են «դենացիֆիկացիա և դելիմիտացիա» իրականացնել ոչ միայն Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում, այլ նաև Խերսոնի, Զապորոժիեի և այլ շրջաններում։