Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ մինչև հուլիսի վերջը հեռախոսազրույց կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Կարծում եմ` նախագահ Սիի հետ կխոսեմ առաջիկա տասն օրվա մեջ», - երեկ ասել է Բայդենը։
Վաշինգտոնը Պեկինին համարում է իր ռազմավարական մրցակիցը և գտնում, որ բարձր մակարդակի շփումներն առանցքային դեր են խաղում կայունության ապահովման գործում։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԱՄՆ-ը Չինաստանին զգուշացրել է, որ աջակցություն չցուցաբերի Մոսկվային։
Ակնկալվող հեռախոսազրույցը կարող է նաև մեծ նշանակություն ունենալ երկկողմ տնտեսական հարաբերությունների համար, քանի որ Բայդենը դիտարկում է չինական ապրանքների վրա նախկին նախագահ Թրամփի ժամանակ դրված մաքսատուրքերը վերանայելու հնարավորությունը։ Խոսքը հարյուր միլիարդավոր դոլարների մասին է: Դա նաև կօգնի ԱՄՆ-ի ներսում իջեցնել սղաճը։