Եվրոպական հանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկում է 15 տոկոսով կրճատել գազի սպառումը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ, Բրյուսել:

Եվրամիությունն անդամ երկրներին ներկայացրել է գազի սպառումը մինչև 2023 թվականի մարտ 15 տոկոսով կրճատելու ծրագիր, նախազգուշացնելով, որ առանց վառելիքի սպառման էական սահմանափակումների ձմռան ամիսներին հնարավոր է լուրջ ճգնաժամ այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը:

«Մենք կոչ ենք անում անդամ երկրներին 15 տոկոսով կրճատել գազի սպառումը, ինչո՞ւ: Որովհետև դա 45 միլիարդ խորանարդ մետր է, այդպես մենք կկարողանանք անվտանգ ձմեռ ապահովել այն դեպքում, եթե Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնի մատակարարումը», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նրա խոսքով, Մոսկվան եվրոպացիներին շանտաժի է ենթարկում և գազը որպես զենք է կիրառում:

Մոսկվան կարող է դադարեցնել գազի մատակարարումն` ի պատասխան ծանր պատժամիջոցների, որոնք Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանել է Ուկրաինայի վրա հարձակվելու համար:

Եվրամիությունն անդամ երկրներին առաջարկում է կամավորության սկզբունքով այս տարվա օգոստոսից մինչև հաջորդ տարվա մարտ ընդհուպ 15 տոկոսով կրճատել գազի սպառման միջին ծավալը, որն արձանագրվել է նույն ժամանակահատվածում 2016-21 թվականներին:

Դա թույլ կտա հետագայում կրճատման պարտադիր շեմ սահմանել: Եվրամիության էներգետիկայի նախարարները պետք է խնդիրը համաձայնեցնեն հուլիսի 26-ին կայանալիք ժողովում:

Ռուսաստանը 2016-21 թվականներին միջին ցուցանիշով Եվրամիության գազամատակարարման 40 տոկոսն է ապահովել, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մատակարարումն ավելի քան 10-ը տոկոսով նվազել է: