Տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև

Մոսկվայում այսօր տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։

ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերի վերաբերյալ: Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարևորությունը։

Այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: