Արցախում անցկացվել է «Ապրելու ձայն» գրական-մշակութային փառատոնը

Համազգային կրթամշակութային միության Արցախի ներկայացուցչության ղեկավար Հերմինե Ավագյանի նախաձեռնությամբ վերջերս Արցախում անցկացվել է «Ապրելու ձայն» գրական-մշակութային փառատոնը, որին մասնակցել է նաև Հայաստանի Գրողների միության պատվիրակությունը՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ։

Վերադարձից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ խիստ տպավորված են եղել. «Փաստորեն պատերազմից և համավարակից հետո դա առաջին լուրջ մշակութային փառատոնն էր, հանդիպումն էր: Եվ ուսանողները, և ժողովրդի հետ հանդիպումները, իհարկե, հուզիչ էին և տրամադրում էին, որ գրականությունը, մշակույթը ավելի խորն անդրադառնա արցախյան խնդրին, նաև հանդիպումները լինեն հաճախակի: Արցախի Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի հետ հանդիպեցինք նաև մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ մեր գրողներին, Արցախի գրողներին այնտեղ հրատարակելու հարցերով»:

Ըստ Միլիտոնյանի` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ է նաև հանդիպում եղել, խոսել են փառատոնի նպատակների, Արցախի գրողներին տպագրելու, աջակցելու խնդիրների վերաբերյալ:

«Բնականաբար, մենք մեր հնարավորություններն օգտագործում ենք, որպեսզի Արցախի գրողները… սա մի միություն է` Հայաստանի Գրողների միություն, Արցախի միություն, և իհարկե, տպագրելու այդ խոչընդոտները հարթվել են:

Գրողներին, բնականաբար, հետաքրքրում է ուսումնական մեթոդները, ընթացքը, նաև ժամանակակից գրականության ներգրավվածությունը ծրագրերում, և մեր գրողների հիմնական հուզող խնդիրն այն էր, որ իրենց գրքերը, իրենց գործերը հրատարակվեն», - հավելեց նա` շեշտելով նաև, որ հանդիպումներն ավելի հաճախակի պիտի լինեն ու կանոնակարգված, որպեսզի «այսպիսի լայն ծրագիրը կարողանան իրագործել»:

«Հատուկենտ գրողները, բնականաբար, կարող են գնալ, հանդիպումներ ունենալ, բայց նման փառատոն, որը մարդկանց մղում է զրույցների, նոր գործերի մասին խոսելու, խնդիրների մասին խոսելու, ավելի լայն ծավալում է ստանում»:

Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ` իրենց այս գրական փառատոնի շնորհիվ հաջողվել է իրականացնել գործնական նպատակներ՝ այն է հնարավորություններստեղծել Արցախում գրողների ստեղծագործական գործունեությունը առավել արդյունավետ հանգրվանի հասցնելու համար՝ հնարավորինս օժանդակել հրատարակելու նրանց գրքերը։

«Ես վստահություն ունեմ, որ պարոն Արայիկ Հարությունյանն ինքն էլ զգում էր, որ մի 2-3 տարվա այդ դժվարություններն առաջիկայում կհաղթահարվեն:

Մեզ ուրախացնողը, որ նոր ալիքը երիտասարդ գրողների` և Հերմինե Ավագյանը փառատոնի կազմակերպիչներց, և Սերգեյը Նեմրութ գրական կեղծանունով, և Սոնա Համբարձումը, Ալիս Բաղդասարյանը, Վիտալին Պետրոսյան, Նովիկովը և այլն, և այնտեղ նաև պատանի` համալսարաններում սովորող ստեղծագործողներ կան, դա շատ ուրախալի է: Նրանք կապ ունեն, հենց վերջերս Իսահակյանի գրադարանում մենք Հերմինե Ավագյանի գրքի շնորհանդեսն արեցինք: Որոշ ամիսներ առաջ Վիտալի Պետրոսյանի գրքի շնորհանդեսն արեցինք Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, և նրանք պատվիրակությամբ եղան Բակունցի օրերին, մասնակցեցին: Այնպես որ, մեր աշխատանքն ամենօրյա է»: