ԱԱԾ-ը չի պարզաբանում՝ ինչո՞ւ է արգելվել ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հրաժարվում է պարզաբանել՝ ինչո՞ւ է արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։

Ֆրանսահայ գործիչն անցած հինգշաբթի հայտարարեց՝ իրեն թույլ չեն տվել դուրս գալ «Զվարթնոց» օդակայանից ու հայտնել, թե Հայաստանում «անցանկալի անձ» է։ ԱԱԾ-ից արգելքի պատճառները չեն բացահայտում՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին։

  • Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը:

Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի քաղաքացի է։ Օտարերկրացիների մասին Հայաստանի օրենքն է սահմանում, թե որ դեպքերում է արգելվում արտասահմանցիների մուտքը Հայաստան։ Արգելքի պատճառներից է, օրինակ, որ հավաստի տեղեկությունների համաձայն՝ օտարերկրացին իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն։

Անցանկալի անձանց բանկը ԱԱԾ-ն է վարում։ Ըստ օրենքի՝ դրանում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ԱԱԾ-ին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի նախագահի աշխատակազմը, Ոստիկանությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու Միգրացիայի ծառայությունը։

«Ինձ համար իսկապես շոկ եղավ, որովհետև չէի էլ սպասում, որ իմ նկատմամբ Հայաստանի կառավարությունը այդպիսի որոշում առներ», - ասաց Փափազյանը:

Թե ինչ պատճառով է արգելվել իր մուտքը Հայաստան, Մուրադ Փափազյանն էլ արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ չի կարողանում պարզել՝ ոչ Ազգային անվտանգության ծառայությունից, ոչ էլ հայաստանյան այլ պետական գերատեսչությունից իրեն տեղեկություն չեն տրամադրել։ Դեռ ամիսներ առաջ՝ գարնանն առանց խոչընդոտ Երևան է եկել։ Կասկած չունի՝ քաղաքական որոշում է կայացվել, պատճառն իր ընդդիմադիր գործունեությունն է։

«Պարոն Փաշինյանը՝ վարչապետը չի ընդունում ընդդիմություն թե՛ ներսում, թե՛ դրսում, և ժողովրդավարական լուրջ հարց կա այս պատմության տակ, չի ընդունում կարծիքների տարբերություն և չի ընդունում, որ սփյուռքում հայտնի անձնավորությունը ընդդիմադիրի կարգավիճակ ունենա», - ընդգծեց ՀՅԴ բյուրոյի անդամը:

Կառավարությունից Փափազյանի մեղադրանքներին չեն արձագանքել։ Մինչդեռ իշխանական լրատվամիջոցներում անցած շաբաթ տեղեկություն տարածվեց, թե արգելքի պատճառը Փարիզում անցած ամռանը Հայաստանի վարչապետի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիան է, որի մասնակիցները հարվածել էին Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաների ապակիներին։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ հայտարարել է, թե տեղյակ չէ բուն պատճառների մասին, սակայն, Փափազյանին մեղադրել է Հայաստանի նկատմամբ իրականացրած ոչ բարյացակամ գործունեության համար, իսկ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին ու ՀՅԴ-ին էլ Ֆրանսիայում օտարերկրացի քաղաքական գործիչների վրա ճնշումներ բանեցնելու համար, որպեսզի նրանք չհամագործակցեն Հայաստանի պետական կառույցների հետ։

Փափազյանը կտրականապես հերքում, թե որևէ մասնակցություն է ունեցել փարիզյան բողոքի ակցիաներին, ֆրանսահայ գործիչը պնդում է նաև, որ Սինանյանի ասածներն իրականության հետ կապ չունեն։