Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ազգային ժողովի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:

Գյորինգ-Էքքարդտը նշել է, որ աչալրջորեն հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, և համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:

Բունդեսթագի փոխնախագահին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին և անվտանգային մարտահրավերներին:

Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ Գերմանիան կարևորում է տարածաշրջանային խաղաղությունը և աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի քայլերին: