Արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր:
Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Միրզոյանն ասաց, որ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ «շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը»։
«Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր սկզբունքն ու ռազմավարությունն է, և հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ միասին, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար», - հայտարարել է նա` բարձրացնելով նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը: