«Նիստերի ժամանակ մահանում են, դուք լռում եք». բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի և կառավարության շենքի առջև

Մի խումբ ընդդիմադիրներ այսօր բողոքի ակցիա իրականացրին Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Նրանք միջազգային կառույցից պահանջում էին արձագանքել քրեակատարողական հիմնարկներում և դատական համակարգում իրենց կողմնակիցների հետ տեղի ունեցող խնդրահարույց երևույթներին։

«Նիստերի ժամանակ, ուղիղ եթերներում մահանում են, դուք լռում եք», - բացականչեցին նրանք:

Ընդդիմադիր ակտիվիստներին վրդովեցրել էր հատկապես 4 օր առաջ դատական նիստի ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը։ Դատարանն այդ օրը քննելու էր ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեջ մեղադրանքով երկու ամիս կալանքի տակ գտնվող Գրիգորյանին ազատ արձակելու հարցը:

Հենց Գրիգորյանի մահվան օրը ընդդիմության հանրահավաքի ժամանակ նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը բեմից հայտարարել էր, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունեցել է, սակայն արգելել է որևէ մեկին դատարանում բարձրաձայնել այդ մասին։ Այսօր բողոքի այցիայի դուրս եկած ցուցարարներն իրենց ելույթներում, այդուհանդերձ, բարձրաձայնում էին, որ ինչպես Գրիգորյանն էր առողջական խնդիրներով պահվում անազատության մեջ, նույն կերպ նաև այլ ընդդիմադիրներ են հիմա ճաղերի ետևում։

«Սա խոսում է այն մասին, որ հայաստանյան իշխանությունները իրավական համակարգը և մասնավորապես, դատարաններն ու դատավորներին դարձրել են իրենց գործիքը, և դրա ապացույցն է այն, որ ծայրահեղ վատառողջ մեր ընկերներին պահում են կալանքի տակ:

Եթե Հայաստանը լիներ նորմալ ժողովրդավարական երկիր, որտեղ մարդու կյանքը լիներ բացարձակ արժեք, այս դեպքից հետո ուղղակի իրար հերթ չտալով պետք է մենք լսեինք հայտարարություններ և գործուն քայլեր միջազգային հանրության կողմից, ինչը մենք չտեսանք ու չենք էլ տեսնելու»:

«Սա՞ է ձեր ժողովրդավարությունը, կալանքը որպես խափանման միջոց կիրառելը վառ օրինակն է ռեպրեսիաների, և սա արվում է նրա համար, որպեզի բռնաճնշումները էլ ավելի ավելանան: Բավական է ապրեք և կիրառեք կրկնակի ստանդարտներ», - ասում էին նրանք:

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ փողոց դուրս եկած ակցիայի մասնակիցները պաստառները ձեռքին ՄԱԿ-ի մոտից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։ Գրություններով և կոչերով հորդորում էին ազատել իրենց համախոհներին, որոնց քաղբանտարկյալներ էին որակում, փոխարենը՝ պահանջում էին կալանավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արդեն գործադիր մարմնի շենքի մոտ կարմիր ներկ թափեցին գետնին՝ որպես արյան խորհրդանիշ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ կառավարության շենքի մոտ ևս մեկ անգամ բարձրաձայնեց այսօրվա ակցիայի նպատակը. «Որ միջազգային հեղինակավոր այդ կազմակերպությունը վերջապես իր հստակ դիրքորոշումն արտահայտի Հայաստանում քաղաքական հետապնդումների նկատմամբ»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հիմնականում հրաժարվում են արձագանքել ցույցերի, բողոքների ժամանակ ընդդիմադիրների հնչեցրած քննադատությանը։ Խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Արփի Դավոյանն, այդուհանդերձ, արձագանքեց «քաղաքական բանտարկյալներ» ձևակերպմանը։

«Միանշանակ պատասխանում եմ` Հայաստանում քաղբանտարկյալներ չունեն 2018 թվականից հետո, և որևէ մեկը, ով գտնվում է կալանքի տակ, կամ որևէ քրեական գործ է հարուցվում ինչ-որ մեկի նկատմամբ, ապա դա կոնկրետ Ձեր նշած անձինք ըստ իրենց հարմարության որակում են որպես քաղաքական հետապնդում», - ասաց նա:

Հայաստանյան իրավապաշտպաններից շատերը տարիներ շարունակ, այդ թվում` մինչև թավշյա հեղափոխությունը, մտահոգություն են հայտնել խափանման միջոց կալանքը հաճախակի ու անհարկի կիրառելու վերաբերյալ, ահազանգել են բանտային պայմաններում առողջական վիճակի վատթարացման դեպքերի մասին, տարբեր ժամանակների իշխանություններին հորդորել են քաղաքական հակառակորդների դեմ կալանքը որպես պատժի միջոց չկիրառել։