Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերին։
Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության օրենսդիր մարմնի որոշ ներկայացուցիչների պահվածքն անընդունելի է իր համար։ «Անկեղծ ասած, ես նույնիսկ մի քիչ զարմացել էի, երբ լսեցի, որ Դուք պլանավորում եք Ադրբեջան այցելել։ Երևի պատճառը Ձեզ հայտնի է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ որպես պատճառ նշելով «Եվրախորհրդարանի որոշ անդամների դիրքորոշումը»։
«Մեր դեմ հնչել են մեղադրանքներ, վիրավորանքներ և տարածվել է սուտ տեղեկատվություն։ Ես նույնիսկ մոռացել եմ հակաադրբեջանական բանաձևերի քանակը, որոնք ընդունել է Եվրախորհրդարանը», - ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը մատնանշել է վերջին ամիսներին Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից ընդունված բանաձևերից մեկը, որում կառույցը դատապարտել և կոշտ քննադատություն է հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով բանաձևը