Հունաստանում կործանված ուկրաինական Ан-12 ինքնաթիռի անձնակազմի բոլոր ութ անդամները մահացել են, այս մասին հայտնել է ուկրաինական Meridian ավիափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Բոգդանովիչը։ Նրա խոսքով՝ անձնակազմի բոլոր անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են եղել։
Ավիավթարի պատճառը օդում տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է փոխադրող ընկերությունը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Ան-12-ի շարժիչներից մեկը բռնկվել է, օդաչուն փորձել է շտապ վայրէջք կատարել, սակայն չի հասցրել։
Տրանսպորտային ինքնաթիռը Սերբիայի Նիշ քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից թռչում էր Հորդանանի մայրաքաղաք Ամման։ Այն կործանվել է Հունաստանի Կավալա քաղաքի մոտ։
Ինքնաթիռում ռազմական բեռ է եղել Սերբիայից` նախատեսված Բանգլադեշի համար, ասել է Սերբիայի պաշտպանության նախարարը, ում խոսքերով, մասնավորապես, այնտեղ եղել են հրկիզվող հրետանային արկեր։ Ընդհանուր առմամբ, եղել է մոտ 11,5 տոննա բեռ։