Սովորական աչքի համար անհնարին, տեսողական խաբկանքի միջոցով՝ հնարավոր. նորաբաց Իլյուզիայի թանգարանում ինչեր ասես, որ չես տեսնի, հատակին ես կանգնած, բայց լուսանկարում հանկարծ հայտնվում ես հսկայական աթոռի վրա։
Թանգարանը բացվել է մեկ ամիս առաջ Գյումրիում՝ Եվրամիության տուրիզմի զարգացման ծրագրի շրջանականերում ստացած աջակցությամբ։ Հիմնադիրները այստեղ այցելուների համար տարբեր հետաքրքիր լուծումներ են գտել:
Տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասում է՝ այցելուն ինքը պետք է իր երևակայությունը ցույց տա, արդյունքում ստանալով և՛ զվարճալի, և՛ հետաքրքրիր լուսանկարներ ու տեսանյութեր: Ցուցանմուշներից շատերը բնագիտական գիտության և տեսողական խաբկանքի հանրագումարում են ստեղծվել:
Թանգարանի տնօրենը մի քանի ցուցանմուշների վրա բացատրեց թե դրանք ինչ սկզբունքով են ստեղծվել. «Օրինակ` Տեսլայի գունդը ֆիզիկայի հետ կապ ունի, մեջը տեղադրված է էլեկտրոդ, էլեկտրոդը լցված է գազով, ու գազի լարման տակ մենք ունենում ենք կայծակնային էֆեկետը, մենք կարողանում ենք կայծակը կառավարել, հավաքել ձեռքերի մեջ»:
Աշխարհում Իլյուզիայի թանգարանները բավականին լայն տարածում ունեն, և հիմնադիրները որոշել են ոչ թե Երևանում, այլ Գյումրիում բացել այն: Թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանն ասում է՝ շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ են ընտրել Գյումրին:
«Ի սկզբանե երկու քաղաք էր շրջանառվում՝ Գյումրին ու Երևանը, կանգ առանք Գյումրիի վրա հիմնականում, որովհետև Գյումրիում նման մի արտահայտություն արեցի վերջերս, որ վտանգավորության աստիճանի արագ է զարգանում տուրիզմը, թե՛ ներքին զբոսաշրջիկները ու թե՛ նաև արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները Հայաստանում պարտադիր այցելելու քաղաքների մեջ արդեն միշտ Գյումրին ներառում են: Գյումրին տուրիզմի տեսանկյունից բավականին ակտիվ է, բայց մի բան պակասում էր», - ասաց Ամիրխանյանը:
Գյումրիում գործող մյուս թանգարաններից, ասում է, տարբերվում է Իլյուզիայի թանգարանը: Այցելուները նաև այստեղից գիտելիք են ստանում. - «Առաջին հայացքից մենք զվարճանքն ենք տեսնում, բայց դրանց հետևում թաքնված են որոշակի գիտական բացատրություններ, գիտական երևույթներ..... հենց նպատակն էլ թանգարանի իրականում զվարճացնելով մարդկանց կարողանալ կրթելն է, որովհետև աշխարհում զվարճացնելու միջոցով կրթության մատուցումը, էս տենդենցը գնալով ավելի է զարգանում, որովհետև հիմա մարդիկ մի քիչ ավելի դժվարությամբ են սովորում: Փորձել ենք մեր թանգարանում նաև որոշակի բնական գիտությունների, ֆիզիկայի, մաթեմատիկայի նկատմամբ հավելյալ ուշադրություն և հավելյալ հետքրքրություն առաջացնել նաև մեր թանգարանի միջոցով»:
Ցուցանմուշների ստեղծման վրա մի ամբողջ թիմ է աշխատել ասում է Գրիշան՝ փայտագործից մինչև ֆիզիկոս:
«Մեզ օգնել են թե՛ դիզայներներ, թե՛ տարբեր վարպետներ՝ սկսած փայտագործից մինչև մետաղագործ, մինչև ֆիզիկայի, մաթենատիկայի մասնագետ: Այսինքն՝ բազմաժանր է եղել մեր աշխատանքը, որովհետև, օրինակ, այն աթոռը, որ մենք տեսանք, որ մեծ ու փոքր է ցույց տալիս մարդկանց, իրականում այս աթոռն առաջին հայացքից թվում է, թե շատ հեշտ է իրեն պատրաստել, բայց մինչև մենք կարողացել ենք գծագիրը ստանալ, հետո այդ գծագիրը իրականություն դարձնել, երևի 10-րդ փորձից նոր մենք կարողացել ենք արդեն վերջնական ստանալ այն, ինչ որ մենք հիմա կարողանում ենք տեսնել: Սա վերաբերում է մեր թանգարանի ցուցանմուշների մեծամասնությանը», - նշեց Ամիրխանյանը:
Հիմնադիրները աշխարհում գործող նմանատիպ այլ թանգարաններ են այցել ու ուսումնասիրել, բայց հայկական սեփական կոնցեպտի վրա են հիմնել, կան ցուցանմուշներ, որոնք հենց Գյումրիին են բնորոշ:
Հիմնադիրներն առայժմ մտադրություն չունեն ևս մեկ թանգարան բացելու մեկ այլ քաղաքում: