Շոյգուն հանձնարարել է նոր թափ հաղորդել Ուկրաինայում ընթացող գործողություններին

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է Ուկրաինայի տարածքում գործող ռուսական զորքերի հրամանատարությանը ակտիվացնել հարձակողական գործողությունները։ Այս մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ կարճ մի տեսանյութ հրապարակելով, որտեղ պատկերված է Շոյգուի հանդիպումը ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականների հետ։

Արդյո՞ք տեսագրությունը Ուկրաինայի տարածքում է կատարվել՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում՝ տեղեկացնելով միայն, որ Շոյգուն գեներալների հետ հանդիպել է հրամանատարական կետերից մեկում։

«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն լսել է «Հարավ» խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի, «Կենտրոն» խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի, այլ հրամանատարների՝ ընթացիկ իրավիճակին, հակառակորդի գործողությունների բնույթին վերաբերող զեկույցները, ծանոթացել է Ռուսաստանի Զինված ուժերի կողմից մարտական առաջադրանքների կատարման ընթացքին», - նշված է հաղորդագրության մեջ։

Խորհրդակցության ընթացքում Շոյգուն, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, հանձնարարել է բոլոր օպերացիոն ուղղություններում նոր թափ հաղորդել զորքերի գործողություններին, - «բացառելով Կիևի վարչակազմի կողմից Դոնբասի և այլ շրջանների խաղաղ բնակիչներին և ենթակառույցներին զանգվածային հրետանային և հրթիռային հարվածների հնարավորությունը»։