Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմների մասնակից Վահրամ Լազգիյանը մեքենան վերջին անգամ կայանել է Հադրութի Տող համայնքի գյուղամեջում ՝ 2020-ի հոկտեմբերին: Շուրջ երկու տարի է նախանձելի պարտաճանաչությամբ պետական կառույցները նրան են ուղարկում մեքենայի գույքահարկի, ապահովագրության վճարման պահանջներ, վերջինը մեկ շաբաթ առաջ էր՝ հարկադիր ծառայությունը արգելանք է դնում ու կատարողական վարույթ հարուցում: Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմների մասնակիցը տարակուսած է՝ մեքենան չկա, պարտքերը կուտակվում են:
«Ես չգիտեմ էլ մեքենան ինչ ա եղել, ով ա տարել, մեքենան տեղափոխել են մի 200 մետր էն կողմ, ում մեքենան ա մնացել, ինչ ա եղել իմ մեքենան, ես էլ չեմ տեսել», - նշեց նա:
Վահրամ Լազգիյանը պատմում է, պատերազմի առաջին օրից սեփական «Մերսեդես»-ով Երևանից հասել է Հադրութ, Մեծ Թաղեր գյուղ, մասնակցել մարտական գործողություններին: 90-ականների պատերազմի փորձով, ասում է, ցանկացել է օգտակար լինել:
«Դիրքեր եմ գնացել, զինվոր եմ տարել, զինվոր եմ բերել, ուր գնացել եմ իմ մեքենայով», - ներկայացրեց Լազգիյանը:
Վիրավորվել է հոկտեմբերի 21-ին, վիրահատվել նախ Կարմիր Շուկայի, ապա Ստեփանակերտի, հետո էլ Երևանի բուժկենտրոններում՝ 3 անգամ, այդ ընթացքում, բնականաբար, չէր կարող փաստեր հավաքել այն մասին, որ մեքենան մնաց մարտական գործողությունների կետում՝ Տողում: Հետո սկսվում է մի անհեթեթ տեղապտույտ, որ մինչև այժմ չի հանգուցալուծվել: Վահրամ Լազգիյանը չի կարողանում մեքենան հաշվառումից հանել, որպեսզի այլևս գույքահարկի, ապահովագրության պարտքեր չկուտակվեն. ոստիկանությունից պաշտպանական գերատեսչություն են ուղարկում, հետո՝ հակառակը:
«Մասիսի ոստիկանությունն ասում ա՝ «գնա էսինչ ոստիկանությունը», գնացել եմ էդ ոստիկանությունը, ինձ ասում ա՝ «գնա ՊՆ-ից թուղթ բեր, որ քո մեքենան Արցախում ա եղել, մնացել ա թուրքերի մոտ»: Գնացել եմ ՊՆ, ՊՆ-ն ինձ ասում ա՝ «գնա Հադրութից թուղթ բեր, որ քո մեքենան ընդեղ ա մնացել»: ՊՆ-ին ասում եմ՝ «լավ, գնամ Հադրութից ումի՞ց բերեմ, ասեք էս հրամանատարը ընդեղ ա եղել, էս հրամանատարն ա պատասխանատու, գնամ իրանից բերեմ՝ ախր չկա տենց հրամանատար», - նշեց նա:
Լազգիյանն ասում է՝ որևէ զորամասում կցագրված չի եղել, կա տեղեկանք Մեծ Թաղերի համայնքապետից, այն մասին, որ մասնակցել է գյուղի պաշտպանական մարտերին, վիրավորվել Տողում, ոչինչ չի օգնում։ Հետաքրքիր է այն, որ Արցախի կառավարությունը պատրաստվում է Լազգիյանին փոխհատուցել նրա մեքենայի կորստի դիմաց: Արցախի նյութական վնասների հատուցման կոմիտեի փոխնախագահ Մաքսիմ Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ այդ մեքենան իրենց հատուցման ենթակա գույքի ցանկում է:
«Մեր համար հիմնական հիմքը համայնքի ղեկավարի տված թուղթն ա, եթե լրացուցիչ բան ա լինում ճշտելու, մեր մոտ եթե կասկածներ բան ա առաջանում, էդ ժամանակ ենք Ճանապարհային ոստիկանության միջոցով էլ բան փնտրում, հարցումներ անում», - ասաց Ալեքսանյանը:
Լազգիյանը շարունակում է զարմանալ՝ էլ ի՞նչ ապացույց ներկայացնի, որ համոզի՝ ինքը իր մեքենայով մարտադաշտում է եղել. հարցնում է՝ մի՞թե համոզիչ չեն համայնքապետի տեղեկանքն ու իր մարմնի վերքերը: Այսօր էլ նա պարզել էր, որ 2022 թվականի համար մեքենայի գույքահարկի գումար է կուտակվել շուրջ 22 հազար դրամ։
Պաշտպանության նախարարությունից ու ոստիկանությունից արձագանք խնդրեցինք, երկու գերատեսչություններից էլ տեղեկացրին՝ քաղաքացին թող Արցախի նյութական վնասների հատուցման կոմիտեից տեղեկանք ներկայացնի, որ մեքենան մնացել է գրավյալ տարածքում, և մեքենան կհանվի հաշվառումից: Վահրամ Լազգիյանն ասում է՝ ամիսներով չարչարվում է այս հարցը լուծելու համար, ու այդ երկու գերատեսչություններից որևէ մեկում իրեն նման բան չեն ասել:
«Ես առաջին անգամ եմ լսում, որ պետք ա Արցախից թուղթը բերեի, որ մեքենան այնտեղ հաշվառված ա, որ իրանք ստեղ գրանցումից հանեին: Ինձ ոստիկանությունից ասել են՝ «գնա կամերաների տեսահոլովակը բեր, որ մեքենան անցել ա ու հետ չի եկել»: Պաշտպանության նախարարությունն ասել ա՝ «պետք ա ոստիկանություն դիմեք», - ընդգծեց Լազգիյանը:
Նա մտադիր է դատարան դիմել, դա էլ հեշտ չէ. - «Դա նորից նյութական ա, դա նորից տեղաշարժ ա, ես պետք ա գնամ-գամ: Էդ ամեն ինչը ինձ համար խնդիր ա»:
53-ամյա տղամարդու մարմնում դեռ բեկորային վիրավորման հետևանքներն են, բազմաթիվ մանր օտար մետաղական մարմիններ կան՝ գրված է բժշկական փաստաթղթերում՝ նաև զստոսկրի սերտաճող կոտրվածք. - «Ես չեմ կարողանում 3-4 կգ-ից ավելի ծանրություն բարձրացնել, ես երկար չեմ կարողանում քայլել»:
Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում Լազգիյանը հաշմանդամության կարգ չի ստացել, նա շարունակում է զարմանալ՝ ինչպես են իրեն աշխատունակ համարում, եթե ինքը, որ մինչև պատերազմը էլեկտրիկ էր, վիրավորումից հետո ոչ մի օր աշխատել չի կարողացել: «Ի վիճակի չեմ»,- ասում է նա:
Սոցապ նախարարությունից տեղեկացնում են՝ անձին հաշմանդամության խումբ է սահմանվում հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Վահրամ Լազգիյանն ապրում է տարեց ծնողների թոշակի հույսով, ընկերներն են օգնում, վիրավորված է:
«Ես վիրավորվել եմ ոչ թե իմ տան բակում, ոչ թե գնացել եմ աշխատեմ, այլ գնացել եմ հայրենիքս պաշտպանեմ, ու էդ նույն վերաբերմունքը ես հայրենիքից չեմ տեսել, ես նկատի ունեմ պետությունից, կառավարությունից», - ընդգծեց Լազգիյանը:
Երկար տարիներ նա Աթենքում է ապրել, Հայաստան վերադարձել 2018 -ին՝ փոփոխություններ գտնելու հավատով, լավատես է նաև այս ամենից հետո: