ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը Երևանում է: Նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրանք քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Ինչպես հաղորդում է կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն ու Ուիլյամ Բըրնսն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Սա ԿՀՎ ղեկավարի առաջին այցն է Հայաստան։
Հղում տալով դիվանագիտական անանուն աղբյուրներին՝ ռուսաստանյան պետական լրատվական գործակալություններն այսօր գրել էին, թե ամերիկյան հետախուզության ղեկավարն այսօր մի քանի ժամով այցելել է Երևան։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չէր մեկնաբանել ԿՀՎ ղեկավարի Հայաստան այցելելու մասին լուրը, ԱԱԾ-ն էլ «Ազատությանը» հայտնել էր, որ տեղեկություն չունեն Բըրնսի երևանյան այցի վերաբերյալ։
Ուիլյամ Բըրնսը հանդիպել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին: Արմեն Գրիգորյանի հետ քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
ԱԽ գրասենյակից նաև հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Նրանք խոսել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեն հերքում՝ ԿՀՎ տնօրենը Հայաստանում է