Ընդդիմությունը հանրահավաք, ապա երթ անցկացրեց

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումն այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անցկացրեց, որին հաջորդեց երթ:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այլ ելույթներ էին նախապատրաստվել, խոսելու էին շարժման անելիքների մասին, սակայն ելույթներում հիմնականում անդրադարձան «Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը:

Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ նա քրեակատարողական հիմնարկում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել։ Մելիքյանը հաստատեց, որ Գրիգորյանը իսկապես առողջական խնդիրներ է ունեցել, սակայն թույլ չի տվել դատարանի առաջ խոսել այդ մասին:

Այսօր հենց դատական նիստի ընթացքում պրոդյուսերն ուշագնաց է եղել: Դատարանի դահլիճում գտնվող կարգադրիչներն ու նիստի մասնակիցները փորձել են նրան առաջին օգնություն ցույց տալ։ Տեղ հասած շտապօգնության բրիգադը հաստատել է՝ Գրիգորյանը հանկարծամահ է եղել: Գրիգորյանը մեղադրյալ էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով։

Իշխան Սաղաթելյանն էլ նախքան երթի մեկնարկը շեշտեց, որ առաջիկայում շարժման անելիքների մասին բաց ու անկեղծ կխոսեն` հավելելով. «Հետքայլ չկա, նահանջ չկա»: