Այսօր հենց դատական նիստի ընթացքում «Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց է եղել: Դատարանի դահլիճում գտնվող կարգադրիչներն ու նիստի մասնակիցները փորձել են նրան առաջին օգնություն ցույց տալ։
Տեղ հասած շտապօգնության բրիգադը հաստատել է՝ Գրիգորյանը հանկարծամահ է եղել, ասում է շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը. «Ուշագնացության կանչ ենք ստացել Կենտրոն դատարանից, նախապես չեն նշել ուղղակի, որ հիվանդ կա ուշագնաց: Մեր մեքենան գնացել է, հասել է ճիշտ ժամանակին` 9 րոպեում, և տեսել են, որ ուշագնացության պատճառով վիճակը բավականին ծանր է, և վերակենդանացման միջոցառումներն իրականացվել են, սակայն ապարդյուն»:
Թե ի՞նչն է եղել Գրիգորյանի մահվան պատճառը, դեռ հայտնի չէ։ Ըստ Թագուհի Ստեփանյանի` դա դատաբժշկական քննությունը կարող է պարզել։
«Դա արդեն դատաբժշկական քննությունը, փորձագետները երբ որ կատարեն, իրենք հստակ կասեն պատճառը: Միայն կարող ենք մտածել, բայց դա ճիշտ չէ, պետք է անպայման մասնագետն ասի` ինչն է խնդիր եղել, որ հանկարծամահություն է տեղի ունեցել», - նշեց նա:
Արդյոք Գրիգորյանն առողջական խնդիրներ է ունեցել, թե ոչ, այսօր նրա փաստաբաններից չհաջողվեց պարզել, նրանք հրաժարվեցին մեկնաբանել:
Դատարանն այսօր քննելու էր Ամեն Գրիգորյանի կալանքի փոփոխման հարցը, նա շուրջ երկու ամիս է, ինչ կալանավորված էր։
Գրիգորյանը մեղադրյալ էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով։
Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտի բնակչության ազգային արժանապատվությունը:
Գրիգորյանի մահվան դեպքին Մարդու իրավունքների պաշտպանն է անդրադարձել: Քրիստիննե Գրիգորյանը գրել է. Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի»։
Պաշտպանը նաև հայտնել է, որ պարզաբանումներ է պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։
«Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։
Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին», - գրել է ՄԻ պաշտպանը ֆեսբուքյան էջում։
Դեպքին նաև իրավապաշտպաններն են անդրադարձել` քննադատելով ոչ միայն Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահելու հանգամանքը, այլև քրեակատարողական հիմնարկների պայմանները: