Իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը այսօր հանդիպել է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երուսաղեմի պատրիարքարանի սպասավորներից մեկը՝ հայր Կորյուն Հովնան Բաղդասարյանը՝ հրապարակելով հանդիպման լուսանկարը։
Հոգևորականի փոխանցմամբ՝ Բայդենի և Հայոց պատրիարքի հանդիպումը տեղի է ունեցել Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցու տարածքում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Նուրհան արքեպիսկոպոսը երախտագիտություն է հայտնել Ջոզեֆ Բայդենին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, ինչպես նաև Սպիտակ տան ղեկավարին հայկական հուշանվերներ է փոխանցել՝ հախճապակուց պատրաստված ափսե և նուռ։