Տոյվո Կլաարն ու Ալիևն անդրադարձել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին»

Արխիվ

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր Ադրբեջանում է: Բաքվում նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցական ուղիների բացման, ականների խնդրի շուրջ, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած քաղաքացիների խնդրի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը ընդգծել է «բրյուսելյան հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»:

Կլաարը Ալիևին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնը, Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին է ողջունել Միշելին:

Երեկ էլ Տոյվո Կլաարը Երևանում էր, որտեղ նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում Ռուսաստանի նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: