Կրթության նախարար Վահրամ Դումանյանն այսօր կտրուկ էր՝ քանի դեռ Հիսուսի 77 մետրանոց համալիրի նախագիծը հաստատված չէ, արձանը Հատիսի գագաթին չի կարող տեղադրվել։
«Որևիցե նախագիծ չի կարող հակասել գործող օրենսդրությանը, վերջակետ», - ասաց նա։
Նախարարը ոչ մի խնդիր չի տեսնում, որ կառավարության նախորդ շաբաթվա նիստում վարչապետը Ծառուկյանի այդ առաջարկը դրական էր գնահատել, իսկ իր ղեկավարած գերատեսչությունը 3 օր անց կոչ էր արել դադարեցնել աշխատանքները, քանի որ Հատիսի գագաթին հնավայր ամրոց կա. «Կառավարության նիստին տրվել է ինֆորմացիա, տեղեկատվություն ընդամենը»։
Իսկ որ այդ 3 օրերի մեջտեղում Հիսուսի արձանի նախաձեռնության հեղինակը՝ ԲՀԿ առաջնորդը Հատիսի գագաթին հիմնարկեք արեց, ու ըստ հնագետների՝ ավերվեց հնավայրի միջնաբերդը, սրան նախարարը չի անդրադառնում, փոխարենը՝ վստահեցնում է. «Հուշարձանի վրա հուշարձան կառուցելու նախագիծ, չեմ կարծում, թե կլինի, որովհետև այդ նախագիծը մեկ անձի ցանկություն չէ»։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտն է այսօր հայտարարություն տարածել, որտեղ գիտնականները շեշտել են՝ արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, ծանր տեխնիկայով քանդել են, հետո նոր հող լցրել արձանի հիմքի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրբ գործ ա». ակունքցիները չեն կասկածում՝ Հիսուսի արձանը վեր կխոյանա առանց ուշացման«Իմ նկարագրած կենտրոնական հատվածն ու արևմտյան մասի շինությունները գոյություն չունեն», - շեշտեց հնագետ Արթուր Պետրոսյանը։ Նա հայ-իտալական արշավախումբն է ղեկավարել։ 2019-ին հետախուզական ծրագիր են իրականացրել Հատիսի տարածքում ու փաստագրել բրոնզ երկաթեդարյա հնավայրը հենց գագաթին։ Հնագետը հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը դիտել է ու եզրակացրել՝ այն, ինչ ավերվել է, այլևս վերականգնել հնարավոր չէ. «Հայաստանում այնքան հուշարձաններ կան, որ ցանկերում չեն, ի՞նչ անենք, գնանք, տրաքացնե՞նք։ Ասենք՝ խաչքար կա՝ ցանկում չի, ի՞նչ անենք այդ խաչքարը, ջարդե՞նք»։
Հատիսի հնավայր ամրոցը պահպանվող հուշարձանների ցանկ դեռ չէր մտել, նորահայտ հուշարձանների ցանկում էր, որ նույնպես ըստ օրենքի պիտի պահպանվեր. Հատիսը նաև բնության հուշարձան է, և այդտեղ սկսված լայնածավալ շինարարությունը պետք է որ նկատվեր բնապահպանական տեսչական մարմնի կողմից։ Այստեղ, ասում են, մամուլից են իմացել։
«Մարզային ծառայություններ ունենք։ Մենք դեպքի մասին տեղեկացել ենք լրատվամիջոցների հրախարակումներից», - նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Նաիրա Աղաբաբյանը։
«Ազատության» դիտարկմանը, որ դա տեսանելի շինարարություն է եղել բազմաթիվ գյուղերից, արձագանքեց. «Ահազանգ չենք ստացել»։
Նա թեման ամփոփում է այսպես. «Մեր գործառույթների շրջանակում գործողություններ են իրականացվում, որոնց ավարտից հետո հնարավոր կլինի մանրամասներ ներկայացնել»։
«Նույնիսկ եթե Քրիստոսի արձանի փոխարեն ես դրախտը բերեի Հայաստան, միևնույնն է՝ լինելու էին մարդիկ, որ դեմ էին խոսելու», - փրկչի արձանի կառուցման այս աղմկոտ ընթացքին երկու օր առաջ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ստացվում է, որ մեր երկրում մասնագետները անգրագետ են, կառավարողները ամենագետ են». Համլետ ՊետրոսյանՆա ասել է՝ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն, հորդորել պատրաստվել տուրիստական նոր հոսքերի դիմավորմանը։
Հայ առաքելական եկեղեցին ի սկզբանե դեմ է Հիսուսի արձանի կառուցման գաղափարին այն հիմնավորմամբ, որ դա հակասում է հայ եկեղեցու պաշտամունքային ավանդույթին։ Կրթության նախարարը, սակայն, կարծում է՝ եկեղեցու դիրքորոշումը հստակ ու որոշիչ չէ։ Նաև Դումանյանը Հիսուսի արձանը կրոնական կառույց չի համարում. «Ժամանակին, երբ որ Էյֆելյան աշտարակը Փարիզում պիտի կառուցվեր, ֆրանսիացիների ճնշող մի որակյալ մեծամասնություն կտրուկ դեմ է եղել, որ սա այս ի՞նչ է, ո՞նց կարելի է», - նկատեց նա։
Փրկչի արձանի հիմնարկեքից հետո հայտնի դարձավ, որ Հատիսի գագաթը, հարակից տարածքները Ծառուկյանի սեփականությունն են։ Հնավայր ամրոցի տարածքի վաճառքն ինչպե՞ս է հնարավոր եղել, կրթության, մշակույթի նախարարը սարի վաճառքից տեղյակ չէ։
«Ինչո՞ւ եք այդ սարի վրա ֆիքսվել, միգուցե էլի սարեր կա՞ն վաճառված, ես չգիտեմ», - նշեց նա։