Միայն այս տարի Տիկնիկային թատրոնը միջազգային փառատոներում արժանացել է ավելի քան մեկ տասնյակ մրցանակների

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, որը թե' մանկահասակների, թե' մեծահասակների համար վաղուց իր բեմադրություններով մեր մայրաքաղաքի ամենասիրելի և հաճախելի մշակութային աշխույժ օջախներից մեկն է, նախորդ երկու ամիսներին 7 ներկայացումներով 5 միջազգային փառատոների է մասնակցել ԱՄՆ-ում, Իրանում, Վրաստանում, Իտալիայում և Ռուսաստանում՝ արժանանալով ավելի քան 10 մրցանակի, որոնք ներկայացվեցին այսօր թատրոնում հրավիրված ասուլիսին։

Ինչպես ընդգծում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, այս անգամ ուշագրավ նորույթ է եղել իրենց համար. փառատոների ավարտին կազմակերպիչները խնդրել են իրենց մասնակցել վարպետության դասերի տեղի մասնագետների համար։ Այդ իսկ պատճառով, օրինակ, Միացյալ նահանգներում իրենք մեկ շաբաթ ավելի են մնացել՝ ի տարբերություն փառատոնին մասնակից այլ թատերախմբերի։

Միացյալ Նահանգներից թատրոնը վերադարձել է 4 մրցանակով։ Ներկայացնելով իրենց թատերախմբի փառատոնային ձեռքբերումները՝ Ռուբեն Բաբայանը մի ուշագրավ դիտարկում արեց. - «Մեկնեցինք Ռուսաստան, մեկ շաբաթից հետո մեկնեցինք Վրաստան։ Երկու երկիր, որոնք չունեն իրար հետ դիվանագիտական հարաբերություններ։ Թատրոնը միացրեց իր մասնակցությամբ։ Հետո մեկնեցինք Իրան և Միացյալ Նահանգներ։ Երկու երկիր, որոնք չունեն իրար հետ դիվանագիտական հարաբերություններ։ Արվեստը, թատրոնը միավորում է բոլորին։ Մշակույթը սահման չունի, մշակույթը դա հաղորդակցվող անոթներ են, երբեք չի կարելի դրանք փակել»։

Արա Խզմալյան

Ասուլիսին ներկա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն անդրադառնալով յուրաքանչյուր տարի միջազգային ասպարեզում գրանցած Տիկնիկային թատրոնի հաջողություններին՝ շեշտեց. - «Տիկնիկային թատրոնը առաջամարտիկներից է և առաջատարներից է։ Այս թատրոնն ապացուցել է, որ համարձակ է կառավարման նոր ձևաչափեր որդեգրելու հարցում, որովհետև լինելով մանկական թատրոն, տիկնիկային թատրոն, նա չի վարանում փորձարարությունից, չի վարանում տարիքային սահմանափակումները հաղթահարելուց, և սա չափազանց կարևոր է։ Թատրոնը այսօր, ըստ էության, տարբեր ժանրերի, տարիքային տարբեր խմբերի համար ունի առաջարկ, և որակյան առաջարկ։ Դուք գիտեք, որ նաև ունենք առաջնահերթություններ, և պետական ֆինանսավորումը նախորդ տարիներին կողմնորոշվել է նաև հենց այս չափանիշներով, թե միջազգային ինչ հարաբերություններ են հաստատում կառույցները։ Այսինքն՝ կառույցի գործունեության արդյունավետությունը գնահատվում է նաև միջազգային համագործակցության շրջանակներով։ Եվ նախորդ տարիներին պետական հատկացումները, դրամաշնորհների, կապիտալ հատկացումների առումով Տիկնիկային թատրոնին պայմանավորված էին ոչ թե նրանով, որ պետության առաջնային պարտավորություններից է մանկական թատրոնի պատշաճ մակարդակը և տեխնիկական զինվածությունը, այլ հենց հռչակելը, որ մեզ համար պետական ֆինանսավորման առումով այդ կառույցներն են կարևոր, որոնք երկրի ներսում իրենց առաքելությունը կատարելուն զուգահեռ, կարողանում են պատշաճ ներկայանալ միջազգային տարբեր հարթակներում»։

Տիկնիկային թատրոնը վերջին երկու տասնամյակում մասնակցել է ավելի քան 100 փառատոների 23 երկրներում, արժանացել բազմաթիվ մրցանակների։ Տարեցտարի թարմացվում է թատրոնի խաղացանկը ամենատարբեր՝ թե' մանկահասակների, թե' մեծահասակների համար նոր ներկայացումներով։

Այսօր խաղացանկում թատրոնն ավելի քան 40 ներկայացում ունի, ինչը հնարավորություն է տալիս, առանց դադարեցնելու այստեղ իր գործունեությունը, մասնակցել ամետարբեր միջազգային փառատոների, պարբերաբար հանդես գալ Հայաստանի մարզերում և Արցախում։ Թատրոն են գալիս երիտասարդ, շնորհաշատ թարմ ուժեր, որոնք հետագայում նաև այլ թատրոններում հանդես գալիս արդեն որպես կայացած անուններ։

«Ազատության» հարցին, թե որն է ի վերջո այս թատրոնի հաջողության գաղտնիքը, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. - «Բաց լինելը։ Որովհետև որևէ սահմանափակում չկա, սահմանափակումը կարող է լինել միայն գեղարվեստական մակարդակի տեսակետից։ Արվեստը պետք է լինի հետաքրքիր՝ նոր մտքեր, նոր գաղափարներ, ամենակարևոր գրավականը՝ լինել ժամանակակից, զգալ ժամանակի զարկերակը»։

Արա Խզմալյանը հավելեց. - «Տիկնիկային թատրոնը ապացուցում է, որ անհիմն են բոլոր տրտունջները, բոլոր ձախողումները։ Այսինքն՝ չաշխատող մարդը միշտ կգտնի պատճառ։ Պատճառ, որ չկա մշակութային քաղաքականություն, պատճառ, որ նախարարությունը նախարարություն չէ։ Մշակութային քաղաքականության իրականացումը էս մրցանակներն են, էս թատրոնի հաջողությունն է։ Այսինքն՝ նույնիսկ այս օրենսդրական անկատարության, կամ չգիտեմ ինչ խոչընդոտների պարագայում լուրջ աշխատողները միշտ էլ հաջողություն են ունենում և արդյունք են ցույց տալիս։ Որևէ հանգամանք անհաջողությունը, ծուլությունը կամ մեկուսացումը չի կարող արդարացնել»։

Հավելենք, որ այս տարի Տիկնիկային թատրոնը դեռ պիտի մասնակցի Տոմսկում, Կահիրեում, Կրակովում, Մոսկվայում, Չելյաբինսկում և Բրյուսելում կայանալիք միջազգային փառատոներին։