Սաակաշվիլիի պնդմամբ՝ Վրաստան ժամանած ռուսները վրացիներին համարում են «երկրորդ կարգի էակներ»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատարանում, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից կոչ է արել վրացիներին երկիր ժամանած ռուսներին «հիշեցնել իրենց անձնական պատասխանատվությունը վրացիներին ճնշելու համար»։

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ծավալուն գրառմամբ Սաակաշվիլին հատուկ անդրադարձել է Վրաստան տեղափոխված ռուսներին։ Բանտարկված քաղաքական գործչի պնդմամբ՝ վրացիները պետք է միավորվեն և իրենց զայրույթն ուղղեն Ռուսաստանի դեմ։
Նախկին նախագահի խոսքով՝ ռուսների մեծամասնությունը կարծում է, որ իրենցից ոչինչ կախված չէ, «որ իրենք առնչություն չունեն և իրենց խիղճը չպետք է տանջի, օրինակ, Աբխազիայի կամ Ցխինվալիի հետ կապված»։ Սաակաշվիլիի համոզմամբ՝ երկիր ժամանած ռուսները վրացիներին համարում են «երկրորդ կարգի էակներ», սպասարկող անձնակազմ և չզարգացած մարդիկ։

«Ինչպե՞ս վարվել։ Կարևորը՝ կանգնեցնել «սառը պատերազմը» երկրի ներսում և զայրույթն ուղղել ոչ թե միմյանց դեմ, այլ՝ նվաճողի։ Եկեք միշտ հիշեցնենք եկվորներին, որ իրենք անձնական պատասխանատվություն են կրում օկուպացիայի և վրացիներին ճնշելու համար», - գրել է Վրաստանի նախկին նախագահը, ում իշխանության տարիներին երկիրը ներքաշվել է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ և պարտություն կրել։