Ռուսական զորքերի կողմից գրավված Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքը երեկ երեկոյան կրկին հրետակոծության է ենթարկվել։ Շրջանի ռուսամետ իշխանությունները հայտնել են, որ թիրախավորվել է ռուսական զինված ուժերի զինամթերքի պահեստը։
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական զինուժը հրթիռային հարված է հասցրել «Սոկոլ» սարքաշինական գործարանի տարածքին։ Խերսոնի ռուսամետ վարչակազմի փոխանցմամբ` ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինացի զինվորականների կողմից Նիկոլաևի շրջանի Բաշտանկա քաղաքից արձակված հինգ հրթիռ։ Դրանցից երկուսի բեկորներն ընկել են Նովայա Կախովկայի «Սոկոլ» գործարանի մոտ։ Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Telegram-ի ալիքները հրապարակել են պայթյունների տեսանյութեր, որոնք, ինչպես վստահեցնում են հրապարակումների հեղինակները, տեղի են ունեցել Նովայա Կախովկայում։
Այս տեղեկություններն անկախ աղբյուրներն առայժմ չեն հաստատել:
Օրեր առաջ Նովայա Կախովկայի հրթիռակոծության հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 5 մարդ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական ուժերը սկսել են հրթիռակոծել ռուսական ուժերի թիկունքում գտնվող թիրախները