Երևանը հերքում է սահմանին կրակոցների մասին Բաքվի հերթական հաղորդումը

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեկ ուշ երեկոյան հերթական անգամ հաղորդել է սահմանին` Քելբաջարի ուղղությամբ հայկական կողմից կրակոցների մասին, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

Վերջին շրջանում պարբերաբար ադրբեջանական կողմը նման հաղորդագրություններ է տարածում, որոնք հայկական կողմը հերքում է: Նախօրեին Բաքվի հերթական հաղորդագրությանը Երևանը հակադարձեց, որ հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։