ՊԵԿ-ը ցանկանում է առանց դատարանի որոշման տեղեկանալ քաղաքացիների բանկային տվյալներին 

Պետեկամուտների կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որն օրենքի ուժ դառնալու դեպքում, հարկային մարմնին թույլ կտա տեղեկանալ քաղաքացիների բանկային տվյալներին՝ առանց նրանց համաձայնության։

Բանկային գաղտնիք համարվող այս տեղեկությունը ներկայում ՊԵԿ-ը կարող է ստանալ միայն դատարանի որոշմամբ։ Առաջարկվող փոփոխությամբ, եթե ՊԵԿ-ի կողմից ստուգվող քաղաքացին դեմ լինի այդ տեղեկությունը հայտնել, ապա ՊԵԿ-ը այն պարզապես կարող է ստանալ բանկից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ առանց դատարանի որոշման։

Ռուստամ Բադասյանի գլխավորած կառույցից «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ պատրաստ չեն մանրամասնելու։

ՊԵԿ օրենսդրական նախաձեռնությունն արդեն մի քանի օր քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում։ Ներկայացված են նաև հիմնավորումները, թե հարկայինը ինչու այլևս չի ցանկանում միայն դատարանի որոշումից հետո տիրապետել քաղաքացիների բանկային գաղտնիքներին։

«Տնտեսական գործունեության մի շարք ոլորտներում, մասնավորապես կենցաղային տեխնիկայի, թանկարժեք քարերի և մետաղների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում քիչ չեն այն դեպքերը, երբ գործարքներ իրականացրած հարկ վճարողները, տարբեր սխեմաներ գործադրելով, գումարների մի մասը միանգամից փոխանցել են տալիս իրենց աշխատակիցների, կամ հարազատ անձանց անձնական բանկային հաշիվներին՝ խուսափելով իրական եկամուտների մի մասի հայտարարագրումից։ Առանց այդ ֆիզիկական անձանց բանկային հաշիվների շարժերի տիրապետման, գրեթե անհնար է բացահայտել նման սխեմաներով եկամուտների թերհայտարարագրումները», - կարդում ենք հիմնավորման մեջ։

Նշելով, որ, օրինակ, Ֆրանսիայում ու Գերմանիայում հարկային մարմինները հասանելիություն ունեն բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին՝ ՊԵԿ-ը նաև ընդգծում է, որ օրենքով սահմանված կարգով իր աշխատակիցները պարտավոր են պահպանել բանկային գաղտնիքը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո:

Արդյո՞ք հակասություններ կան ՊԵԿ-ի ու ԿԲ-ի միջև

ԿԲ ղեկավար Մարտին Գալստյան

Կենտրոնական բանկից «Ազատությանը» խոստացան դիրքորոշում հայտնել ավելի ուշ։ Հավելեցին՝ նախաձեռնության շուրջ դեռ քննարկումների մեջ են ՊԵԿ-ի հետ։

Սա ուշագրավ է, որովհետև ավելի քան մեկ ամիս առաջ Ազգային ժողովում խոսելով բանկային տվյալներին հասնելու անհրաժեշտությունից՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պատգամավորներին ասաց, թե թեման բավականին զգայուն է և անհրաժեշտ է այն համաձայնեցնել Կենտրոնական բանկի հետ։

Ռուստամ Բադասյան

«Միջազգային փորձը կրկին վկայում է դրա մասին, որ բանկային գաղտնիքները հիմնականում հասանելի են հարկային մարմնին: Ինչի եմ ասում հիմնականում, որովհետև տարբեր երկրներում տարբեր ծավալներով ու տարբեր սահմանաչափերով է հասանելի հանրային մարմնին, այս հարցում մենք ապավինում ենք կրկին Կենտրոնական բանկին, մենք չենք ուզում որևէ կարգավորում մտցնել կամ առաջարկել, որը համաձայնեցված չի Կենտրոնական բանկի հետ ու ըստ էության Կենտրոնական բանկի համաձայնությամբ չի կատարվում, որովհետև բավական զգայուն ոլորտ է, ու բնականաբար, իրենք բավական զգայուն են նայում նմանատիպ հարցերին», - ասաց Բադասյանը:

Եթե ՊԵԿ-ն արդեն իսկ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ Կենտրոնական բանկը դեռ չի հրապարակում իր դիրքորոշումը և քննարկումները կոմիտեի հետ շարունակվում են, արդյո՞ք սա նշանակում է, որ պետական երկու մարմինների միջև առնվազն այս պահին համաձայնություն չկա։ Պետական մարմինները այս մասին լռում են։

Մինչ այդ Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնությունը լուրջ մտահոգություն է առաջացրել հայաստանյան գործարար հանրությունում։

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով, այս նախաձեռնությունը բացասական ազդեցություն կթողնի Հայաստանում ներդրումներ կատարել պատրաստվող գործարարների վրա։

Վահրամ Միրաքյան

«Հիմնական նպատակը, որ մի կետից կարողանա ինքը որոշումներ կայացնել և սամասուդ անել բիզնեսի հետ, դա գուցե ՊԵԿ-ի աշխատանքը կհեշտացնի, բայց ճգնաժամային կդարձնի բիզնեսի գործունեությունը: Այսինքն՝ մենք կարող ենք մոռանալ ներդրումների մասին, որովհետև ցանկացած ներդրող, եթե իմանա, որ գալիս է մի երկիր, որտեղ բանկային գաղտնիք չկա ու հարկային վարչարարություն անող կառույցը իրավունք ունի ամեն ինչ իր մասին վերցնել նայել, արդեն ներդրումային գրավչությունը նվազում է այդ երկրում, որովհետև բանկային գաղտնիքը ցանկացած երկրի, հատկապես ներդրումներ գրավող երկրի համար ամենակարևոր սկզբունքներից մեկն է», - ասաց «Մանթաշյանց» գործարարների միության նախագահը:

Ըստ Միրաքյանի, հարկայինի այս քայլը նաև հարված է դատական ինստիտուտին, որովհետև գործող օրենքի համաձայն գործարարը, քաղաքացին կարող է դատարանի միջոցով ՊԵԿ-ին արգելել տեր դառնալ իր բանակային տվյալներին։ Այսինքն, առաջարկվող փոփոխությամբ` Բադասյանի գլխավորած կառույցը իր վրա վերցնում դատարանի գործառույթը։