Ռուսաստանաբնակ հայազգի դերասանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Անցակետ վրացական սահմանին, արխիվ

Սթենդափ ժանրի դերասան Գարիկ Օգանիսյանին արգելել են մուտք գործել Վրաստան. Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։ Հաղորդվում է, որ հայազգի դերասանը Վրաստան է ուղևորվել Հայաստանից։

Օգանիսյանը հրապարակել է փաստաթուղթ, որն ինչպես նշում է, ստացել է վրացի սահմանապահներից։ Դրանում վրացական կողմը պարզաբանում է, որ կատակերգուին մուտքը արգելված է «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի» հիման վրա։ Նույն հիմնավորմամբ Վրաստանի իշխանությունները վերջին շրջանում մերժել են ռուսաստանցի մի խումբ ակտիվիստների մուտքը երկիրը։

Օգանիսյանը Stand-Up Club #1 նախագծի անդամ է, մինչ այդ «Վեչերնի Ուրգանտ» հայտնի հաղորդաշարի սցենարիստն էր։ Անցած տարի դերասանը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ իր հարցազրույցներից մեկում խոսել է ռուսական Առաջին ալիքում առկա խիստ գրաքննության մասին։

Վրաստանի պաշտոնական տվյալների համաձայն հունիսի դրությամբ երկիր է մուտք գործել ավելի քան 90 հազար ռուսաստանցի։ Միաժամանակ որոշ լրագրողների, ակտիվիստների, հասարակական գործիչների անցած ամիսներին թույլ չեն տվել մտնել երկիր։