Կարճատև այցով Հայաստանում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Վերադարձ շատ շոգ Երևան՝ կարճատև այցով: Սպասում ենք կարևոր հանդիպումների», - Թվիթերում գրել է Կլաարը:
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսնակի փոխանցմամբ՝ այսօր և վաղը Տոյվո Կլաարը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, որից հետո՝ հուլիսի 15-ին կմեկնի Բաքու, որտեղ նմանատիպ հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:
Հանդիպումների հիմնական թեման լինելու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև «բրյուսելյան ձևաչափով» քննարկված առանցքային հարցերը:
Վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր եկել հունիսի 3-ին: Այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։