«Սուրբ գործ ա». ակունքցիները չեն կասկածում՝ Հիսուսի արձանը վեր կխոյանա առանց ուշացման

Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայության հսկիչ Արամայիս Սեդրակյանը միայն երեկ է տեղեկացել, որ Հատիս լեռը բնության հուշարձանների ցանկում է, չնայած ինչպես ասում է, ծնված օրից այստեղ է:

«Ես չգիտեմ, որ սա բնության հուշարձան է, դարակը դնելու համար ե՞ն սարքել հուշարձան», - «Ազատության» հետ զրույցում նշում է նա:
Ինչպե՞ս է, որ բնության հուշարձանների ցանկում ներառվելու մասին որևէ իրազեկում համայնք չի հասել 14 տարի շարունակ, հետո այդտեղ սկսված լայնածավալ շինարարությունը չի նկատել բնապահպանական տեսչական մարմինը. այս հարցերի պատասխանը չի հաջողվում ստանալ պետական որևէ կառույցից։

Հատիսի գագաթին Քրիստոսի արձան կանգնեցնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագիծը վարչապետ Փաշինյանը նախնական դրական գնահատեց, Ծառուկյանն էլ նախորդ շաբաթվա վերջին շատ հանդիսավոր պայմաններում ազդարարեց շինարարության մեկնարկը հենց գագաթին, որտեղ պիտի կանգնի Հիսուսը: Հետո պարզվեց, որ հողային լիցք են արել հնագույն ամրոցի միջնաբերդի վրա, ապա իրար հետևեցին Կրթության ու Շրջակա միջավայրի նախարարությունների հայտարարությունները, թե բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Շինարարությունը կասեցվեց, քանի դեռ փորձաքննական եզրակացություններ ու թույլտվություններ չկան։

«Շինարարությունն արվել է այն պարզ պատճառով, որ որևէ մեկը անողներից չի իմացել, որ այդտեղ ամրոց կա», - նկատում է Արամայիս Սեդրակյանը:

Հնագիտական արշավախումբն է մի քանի տարի առաջ Հատիսի գագաթին բրոնզ երկաթեդարյա ամրոց հայտնաբերել, միջնաբերդն արդեն հողով ծածկված է, բայց պարիսպները դեռ կան: Նորահայտ այս օբյեկտը հուշարձանների պետական ցուցակ դեռ չէր մտել, բայց օրենքով նորահայտն էլ կարգավիճակ է ու պետք է պահպանվեր մինչև ցանկ մտնելը, բայց պարզվում է՝ Հատիսի գագաթ հնավայրը ոչ միայն ցուցակ չի մտել ու չի պահպանվել, այլև լեռնագագաթը վաճառվել է:

«Գագաթը, որտեղ որ հիմա նախատեսվում է արձանի տեղադրումը, 2008 թվականից է վաճառվել, օտարվել, և դա վաճառվել է Պետրոսյան Նորիկին», - հայտնեց Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը:

Բիզնեսմեն Պետրոսյանը ցանկացել է այդտեղ ճոպանուղի կառուցել, հետո մտքափոխվել է ու վերջերս Հատիսի գագաթը նվիրել է Գագիկ Ծառուկյանին: Որպեսզի Հիսուսի արձանի նախագիծն իրականություն դառնա, միայն գագաթը բավարար չէր, և Ծառուկյանը գնել է ևս 104 հեկտար` աճուրդով, որի միակ մասնակիցը «Ծառուկյան» հիմնադրամն է եղել:

«Որտե՞ղ է երևում, որ բնության հուշարձան է, պետք է ընդամենը մոտավորապես իմանայի, էդ էլ չեմ իմացել», - նշեց Ակունք խոշորացված համայնքի ղեկավարը:

Նա վստահեցնում է՝ անակնկալի են եկել, երբ իմացել են, որ Հատիսը նորահայտ կամ բնության հուշարձանի կարգավիճակ ունի, ինքն այդ մասին որևէ ծանուցում չի ստացել, պնդում է՝ Ակունքի վարչական տարածքում մի շարք հատուկ պահպանվող գոտիներ ունեն ու պահպանում են. «Որոնք ներառված են ցանկում, մենք էլ արդեն առանձնացրած ունենք մեր կդաստրային քարտեզներում, այդ հատվածներին մոտիկ չենք գնում, ոչ էլ կարող ենք օտարել, ոչ էլ կգրանցվի Կադաստրի կոմիտեի կողմից»:

Այս պահին լեռնագագաթի վրա շինարարությունը կասեցված է, տարածքը, սակայն, շինհրապարակ է հիշեցնում՝ ամենուր տեխնիկա է, նոր էլեկտրասյուներ:

Ակունք համայնքում, որի կազմում 8 գյուղեր են` Հատիսի փեշերին, վստահ են` շինարարությունը շուտով կվերսկսվի, և Փրկչի արձանը վեր կխոյանա առանց ուշացման՝ 3 տարում:
Ակունքցիները չեն կասկածում՝ միլիոնավոր զբոսաշրջիկների հոսքեր կանցնեն իրենց գյուղերով՝ խթանելով բիզնեսն ու աշխատատեղեր ստեղծելով իրենց համար:

«Սուրբ գործ ա»: «Աշխատատեղ ունենան, մարդիկ աշխատեն, էսօր գյուղացին չի կարող աշխատի, օգնող չկա, ամեն ինչին դեմ չեմ», - ասում են նրանք:

Արդեն կտրուկ թանկացել են առանձնատների ու հողերի գները: Չեն կասկածում՝ Հիսուսով և շատ շուտով Ակունքն է Հայաստանի մայրաքաղաքը դառնալու:

Your browser doesn’t support HTML5

«Սուրբ գործ ա». ակունքցիները չեն կասկածում՝ Հիսուսի արձանը վեր կխոյանա առանց ուշացման