Ուկրաինայի արտգործնախարարը դատապարտել է ուկրաինացիներին Ռուսաստանի քաղաքացիություն պարզեցված տարբերակով տրամադրելու մասին Պուտինի հրամանագիրը: Դմիտրի Կուլեբայի երեկ երեկոյան հրապարակված ուղերձում մասնավորապես ասված է, որ օկուպացված տարածքներում ռուսական անձնագրերի տրամադրումն իրավաբանորեն առոչինչ է, և այդ պրակտիկայի տարածումը Ուկրաինայի բոլոր քաղաքացիների վրա «երկիրը գրավելու կուրսի շարունակությունն է»։
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ է արել արևմտյան գործընկերներին ավելի ծանր զենք տրամադրել Ուկրաինային և նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
Ռուսաստանի նախագահը երեկ պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիության ձեռքբերումը։ Նախկինում պարզեցված ընթացակարգը գործում էր ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների և մասամբ գրավված Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի բնակիչների համար: Նոր ձևակերպմամբ փաստաթուղթը նախատեսում է, որ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները, Ռուսաստանի կողմից ճանաչված անջատողական հանրապետությունների քաղաքացիները, ինչպես նաև Ուկրաինայում մշտապես բնակվող, բայց քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված ձևով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները ցանկության դեպքում կարող են Ռուսաստանի անձնագիր ստանալՌուսական ուժերն այսօրվա դրությամբ ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ գրավել են Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, ինչպես նաև տարածքներ Խարկովի և Նիկոլաևի մարզերից։
Ռուսական զորքերի կողմից գրավված տարածքներում ձևավորվել են Ռուսաստանի կողմից վերահսկվող վարչակազմեր, որոնց ղեկավարները հայտարարել են, թե Խերսոնի և Զապորոժիեի շրջանները պետք է լինեն Ռուսաստանի կազմում։ Արդեն ընթանում են Ուկրաինայի օրենսդրությամբ չնախատեսված տարածաշրջանային հանրաքվեների նախապատրաստական աշխատանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջաններում կարող են տեղի ունենալ Ռուսաստանին միանալու հարցով «հանրաքվեներ»