Հայկական գինեգործական ընկերությունները փոխարժեքի տատանման պատճառով մարտահրավերների առաջ են կանգնում

«Ալլուրիա գինիններ» գինեգործական ընկերությունում առաջին անգամ կանգուն տեսակի խաղողից ստացել են սպիտակ գինի։ Բացատրում են՝ շշալցումից հետո մեծ մասը պետք է արտահանվեր, սակայն այդ ծրագրերն այժմ կասկածի տակ են` դրամ-դոլար փոխարժեքային տատանումների պատճառով։

«Չենք ուզում գին թանկացել մեր գործընկերների համար, որպեսզի իրենք վնասներ չկրեն, և որպեսզի մենք էլ մեծ վնասներ չկրենք, որովհետև գինեգործությունը այն ոլորտը չէ, որը մեծ մարժաների վրա է աշխատում: Եթե օրինակ` չենք կարողանում ռիսկերը երկկողմանի կիսել, ապա ինչ-որ մի պահ դադարեցնում ենք արտահանումը, մինչև մի քիչ ավելի կայուն, հասկանալի ժամանակներ գան», - ասում է ընկերության համահիմնադիր Սամվել Մաչանյանը:

Որոշ խոշոր ու համեմատաբար մատչելի գինիներ արտադրողներից բացի, Հայաստանում քիչ չեն գինեգործական փոքր ընկերությունները, որոնք ստեղծում են ավելի լավ որակի, բայց նաև ավելի թանկարժեք գինիներ: Դրանց շուկան Ռուսաստանը չէ, արտահանման աշխարհագրությունը բազմազան է, առևտրի փոխարժեքն էլ Հայաստանում արժեզրկված դոլարն է, նշում է Սամվել Մաչանյանը. «Մեզ մոտ ամենափոքր տոկոսը Ռուսաստանում է այս պահին արտահանվում, ամենամեծ տոկոսը գնում է դեպի Ճապոնիա»:

Մոտ 15 տոկոսով արժեզրկված դոլարն արտահանողների համար նշանակում է առնվազն 15 տոկոսով պակաս դրամային եկամուտ, սրանից բացի, վնասներ կրում են նաև նաև բեռնափոխադրման ծառայությունների գների բարձրացման պատճառով։ Նույնն է ասում նաև «GS Վայն» ընկերության հիմնադիր Սուրեն Օհանջանյանը։

«Նախ ճանապարհածախսն է շատ բարձրացել, երկու անգամ ավելի բարձրացել է Չինաստանը, այն ժամանակ 3-4 հազար էր, հիմա դարձել է 10 հազար դոլար: Ամեն ինչն ազդում է մեզ վրա, մեր գնային քաղաքականության վրա», - նկատում է նա:

Ճանապարհածախսից ու դոլարի արժեզրկումից առավել մեծ խնդիր գործարարների համար անկանխատեսելիությունն է` չեն կարոողանում պլանավորել անգամ առաջիկա մեկ տարվա գործերը։ Արդյունքում «Ալլլուրիա գինիների» համահիմնադրի խոսքով՝ բախվել են իրենց հնգամյա գործունեության ընթացքում հանդիպած ամենամեծ մարտահրավերներից մեկին։

«Եթե կայունանա այս վիճակում, դա էլ արդեն շատ լավ է, այն առումով, որ մենք հստակ կիմանանք, որ օքեյ, սա է իրական արժեքը, և մեր ամբողջ հետագա գործունեությունը կպլանավորենք այս թվերը հաշվի առնելով: Կայունությունը ամենակարևոր կոմպոնենտն է վստահություն կառուցելու բարդ գործում», - շեշտում է նա:

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել փոխարժեքի տատանումներին, կառավարությունն էլ առայժմ բիզնեսին աջակցելու համար ոչինչ չի առաջարկում, միայն խորհուրդ են տալիս ստեղծագործ լինել։ Մաչանյանի խոսքով՝ որոշ ընկերությունների մոտ դա կստացվի, մյուսները, սակայն, կխորտակվեն, ինչը մեծ կորուստ կլինի վերջին տասնամյակում աստիճանաբար ոտքի կանգնող ու կայացող հայկական գինեգործության ոլորտի համար։

«Պետք է լուծում ստանա, պետք է խնդրով զբաղվեն պրոֆեսիոնալ մարդիկ: Ես համոզված եմ, որ մեր երկրում կան պրոֆեսիոնալներ, որոնք այդ խնդրով պետք է զբաղվեն, բայց թողնել ուղղակի, որ չխառնվեն, թողնել ինքնահոսի, այսինքն` տեսնենք` ինչ կլինի, դա չի լինում: Երբ մի բան կոտրվում է, բժիշկը միջամտում է, գիպս է դնում, ուղղում է, որպեսզի բուժումը ճիշտ լինի: Եթե թողնենք` ինքն իրեն կպնի, այո, ոսկորն ինքն իրեն կկպնի, բայց ծուռ կկպնի երևի», - ընդգծում է Մաչանյանը:

Ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 15-20 հազար շիշ գինի, որի ուղիղ կեսը մինչև 2022 թվականը արտահանում էին, հիմա արտահանման փոխարեն կարող են փորձել գինին սպառել տեղական շուկայում, սակայն Մաչանյանի կարծիքով` դա լուծում չէ. «Ամեն դեպքում արտահանումը շատ լավ բան է, արտահանումը շատ ճիշտ բան է, որովհետև եթե էկոնոմիկան դնենք մի կողմ, արտահանման շնորհիվ մարդիկ ճանաչում են մեր երկիրը, մեր արտադրանքը և այլն, այսինքն` արտահանումն ինքը շատ մեծ խթանում է ոչ միայն կոնկրետ արտադրողի բիզնեսի համար, այլ ընդհանուր երկրի համար: Դրա համար պետք չի այդպես հանգստանալ այդ գաղափարից, որ մենք գտել ենք լուծումը` տեղական շուկայում ենք մեծացնում»:

Հայաստանում, ըստ վիճակագրական ծառայության, 2021 թվականին արտադրվել է մոտ 13 միլիոն շիշ գինի, որից արտահանվել է ընդամենը 3 միլիոնը։ Այս տարի, ոլորտի ներկայացուցիչների կարծիքով, սպասվում է ավելի ցածր արտահանման ցուցանիշ։