Մշակույթի նախարարությունն ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում՝ մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։
Նշելով, որ թեև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից ստացել են արձանի տեղադրմանը վերաբերող գրությունը և պատասխանել, որ «… քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել օրենքը և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»՝ նախարարությունը շեշտում է՝ այդուամենայնիվ հիմնադրամից նախագիծ չի ներկայացվել:
ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է նաև, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ:
Նախարարությունը հիշեցնում է՝ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ, իսկ դեռևս 2019-ին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց, իսկ համաձայն օրենքի, այն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը`օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով», - ասված է նախարարության պարզաբանման մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրիստոսի արձանի կառուցման նախագիծը կառավարությունը «նախնական դրական է» գնահատում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկել է Հիսուսի արձանի շինարարությունը