Բայդենը նշել է, թե ինչու է իր այցը Սաուդյան Արաբիա կարևոր և անհրաժեշտ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր այցը Սաուդյան Արաբիա մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 13-ից 16-ը, կարևոր դեր է խաղում Մոսկվայի և Պեկինի հետ Վաշինգտոնի առճակատման առումով։

«Ավելի անվտանգ և միավորված Մերձավոր Արևելքը շատ առումներով օգուտ է բերում ամերիկացիներին: Նրա ջրային ուղիները առանցքային են համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների համար, որոնց վրա մենք ապավինում ենք: Նրա էներգետիկ ռեսուրսները կենսական նշանակություն ունեն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի գլոբալ մատակարարումների վրա ազդեցությունը մեղմելու համար», - գրել է նա The Washington Post-ում հրապարակված հոդվածում:

«Ես գիտեմ, որ շատերը համաձայն չեն Սաուդյան Արաբիա մեկնելու իմ որոշման հետ»,- ընդգծել է նախագահը։

Սակայն, ըստ նրա, այս ուղևորությունը կարևոր է ռազմավարական տեսանկյունից. «Իմ աշխատանքը՝ որպես նախագահ, մեր երկիրը ամուր և անվտանգ պահելն է: Մենք պետք է հակազդենք ռուսական ագրեսիային, համոզվենք, որ լավագույն դիրքում ենք հաղթելու Չինաստանի դեմ և աշխատենք կայունությունը խթանել աշխարհի կարևոր տարածաշրջանում: Մենք պետք է ուղղակիորեն համագործակցենք այն երկրների հետ, որոնք կարող են ազդել այս արդյունքի վրա: Սաուդյան Արաբիան այդ երկրներից մեկն է»,- ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները վատթարացան 2018 թվականին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո, ով հայտնի էր Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ իր քննադատական հոդվածներով։

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները փաստել էին, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը դերակատարում է ունեցել Միացյալ Նահանգներում բնակվող, The Washington Post-ի սյունակագիր Խաշոգջիի սպանության կազմակերպման գործում: Բեն Սալմանը հերքել էր այդ մեղադրանքները։