ԱՄՆ-ի և Չինաստանի արտգործնախարար Էնթոնի Բլինքենը և Վան Ին Ինդոեզիայի Բալի կղզում «Մեծ քսանյակի» արտգործնախարարների համաժողովից հետո այսօր հանդիպում են ունեցել։ Ավելի քան 5 ժամ տևած բանակցությունից հետո պետքարտուղար Բլինքենը մամուլի ասուլիսում հայտնել է, որ չինական կողմին է փոխանցել Ռուսաստանի հետ Պեկինի մերձենալու առնչությամբ մտահոգությունները։
«Ես կրկին ասել եմ, որ մեզ անհանգստացնում է Չինաստանի մերձեցումը Ռուսաստանի հետ։ Դուք լսեցիք Պեկինի հայտարարությունը իր չեզոքության մասին։ Ես կասեի, որ բավականին դժվար է չեզոք մնալ, երբ խոսքը ագրեսիայի մասին է։ Հստակորեն կա ագրեսոր, հստակորեն կա զոհ, ակնհայտ մարտահրավերներ կան ոչ միայն ուկրաինացիների կյանքի և գոյատևման միջոցների համար, այլ նաև մարտահրավեր միջազգային աշխարհակարգին։
Բլինքենի խոսքերով՝ Ռուսաստանի դաժան ներխուժումից չորս ամիս անց Չինաստանը դեռ կանգնած է Ռուսաստանի կողքին, աշխարհով մեկ կրկնում է ռուսական քարոզչությունը, պաշտպանում Ռուսաստանին միջազգային կազմակերպություններում։
«Կարծում եմ Չինաստանը խուսափում է հնգյակի (ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի) պարտավորությունից, նույնիսկ մասնակցում է ռազմական համատեղ զորավարժությունների։ Ես փորձեցի հասկացնել պետական խորհրդականին, որ սա իրոք այն պահն է, երբ բոլորս պետք է կանգնենք, ինչպես երկիր առ երկիր լսեցինք «Մեծ քսանյակի» հանդիպմանը», - նշել է Բլինքենը։
Չինական կողմը Էնթոնի Բլինքեն-Վան Ի հանդիպման մասին տարածել է արտգործնախարարության հաղորդագրությունը, ուր ասված է, որ Չինաստանը պատրաստակամ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։ «Չինաստանը այդ հակամարտության մասնակից չէ։ Սակայն ենք միշտ կպաշտպանենք խաղաղ բանակցությունները», - ըստ հաղորդագրության ասել է Վան Ին։