Բաքուն հաղորդում է սահմանին կրակոցների մասին, Երևանը հերքում է

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։

Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երեկ երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են Քելբաջարի շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 7-ին էլ հայկական կողմն էր հաղորդել, որ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել: