Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի Շուշի կատարած այցը ծայրահեղ մտահոգիչ է, այսօր ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդունելով Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդին։
Սիմոնյանը շեշտել է՝ հայաթափված Շուշիում Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում Հայաստանի և Էստոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլև հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նա տեղեկացրել է դեսպանին, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը և 2020-ի աղետալի պատերազմի հետևանքները: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերն առաջիկայում կայցելի Հայաստան և տեղում կծանոթանա իրավիճակին, նաև կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ:
Էստոնիայի դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը:
Կալյուրանդին Սիմոնյանին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը և սիրով ընդունել փոխադարձ հրավերը: