«Նրանք առանձին կյանքով են ապրում, ժողովուրդը՝ առանձին». իշխանական պատգամավորները կրկին պարգևավճար են ստացել

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կրկին պարգևատրվել են։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը կարգադրել է՝ Սահմանադրության օրվա առթիվ միայն իր թիմակիցներին պարգևատրել մեկ ամսվա աշխատավարձի չափով։ Պատգամավորների մաքուր աշխատավարձը մոտ 500 հազար դրամ է։

Ո՞ր գործի համար են իշխանականներն իրենք իրենց շռայլ պարգևատրել, հարցնում են շարքային քաղաքացիները։

«Նրանք առանձին կյանքով են ապրում, մեր ժողովուրդն՝ առանձին կյանքով, էս ա», - ասաց քաղաքացիներից մեկը:

Ազգային ժողովից փոխանցեցին, որ պարգևավճարի համար բյուջեից հատկացվել է մոտ 49 միլիոն դրամ (48 միլիոն 811 հազար դրամ)։ Ազգային ժողովի խոսնակի կարգադրությունը չի վերաբերվում ընդդիմադիրներին, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներին պարգևավճար չեն տվել։ Նիստերից բացակայել են այդ պատճառով էլ չեն ստացել։ Իսկ իշխանականները ծանրաբեռնված են եղել, պարզաբանում են Ազգային ժողովից։

«Ընդդիմադիր պատգամավորները չեն ստացել, ստացել են միայն ՔՊ-ական պատգամավորները: Ընդդիմադիր պատգամավորները չեն ստացել, որովհետև բացակայել են նիստերից, հանձնաժողովի նիստերից, առհասարակ չեն ներկայացել աշխատանքի», - ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը խորհրդարան չի վերադառնում

Ընդդիմադիրները մայիսից խորհրդարան չեն գնում, նիստերին չեն մասնակցում։ Փողոցում ցույցեր ու անհնազանդության ակցիաներ են անում, պահանջում վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կարծում է՝ պարգևավճարի բաշխման խտրական մոտեցումը ճնշում է ընդդիմադիրների նկատմամբ։

«Դա նաև խտրականություն է, նաև քաղաքական բռնաճնշման դրսևորում է, վերջին հաշվով, դրանք էլ են ապօրինի», - նշեց Ավետիյանը:

Այս Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է պարգևավճար ստանում։ Առաջին անգամն է, որ միայն իշխանականներն են ստանում։

«Ես իմ պարգևավճարը ստացել եմ, որովհետև ես ինձ համարում եմ աշխատող Ազգային ժողովի պատգամավոր», - ասաց Վիլեն Գաբրիելյանը:

Իսկ որ ընդդիմադիրները չեն ստացել, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը խնդիր չեն տեսնում. պարգևավճարի որոշումը իրենք չեն ընդունել, այլ՝ Ազգային ժողովի ղեկավարությունը։ Ավելին՝ Վիլեն Գաբրիելյանը կարծում է, որ ընդդիմադիրներին աշխատավարձից էլ պետք է զրկել։

«Ես կարծում եմ՝ ընդդիմադիր պատգամավորներից ընդհանրապես իրենց ստացած աշխատավարձերը պետք է հետ վերադարձնել», - հայտարարեց նա:

Իշխանականներից Արմեն Խաչատրյանին բարկացնում է շարքային քաղաքացիների ու պաշտոնյաների աշխատավարձի համեմատությունը։ Մեկ օրում հնարավոր չէ բոլորի հարցերը լուծել, ասում է պատգամավորը. - «Սոցիալապես անարդարություն չկա, յուրաքանչյուր մասնագիտություն շուկայում, ունի գնահատված իր աշխատավարձի մոտավոր չափը, յուրաքանչյուր մասնագիտություն թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ ոչ: բայց, իհարկե, թոշակառուներինն էլ ենք բարձրացնելու: Մի օրում ոչ մեկին հնարավոր չի բարձրացնել»

Պարգևավճարները արդար են, թե ոչ կգնահատեն մեր ընտրողները, ասում է իշխանականներից Հովիկ Աղազարյանը, իսկ ընտրողների կարծիքները տարբեր են: