Վայոց Ձորի Ելփինի հատվածում ադրբեջանական կրակոցներից քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել. ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը

Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Ըստ ռազմական գերատեսչության` այսօր` ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, որտեղ էլ վնասվել է մեքենան:

«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», - ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմն, իր հերթին, մեղադրում է հայկական զինված ուժերին` Բասարկեչարի շրջանից (Վարդենիսի շրջան) կրակոցներ արձակելու համար Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։