Գրականությունը շատ մեծ դեր ունի, գի՛րք կարդացեք. Վահագն Գրիգորյան

Անվանի արձակագիր, երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ Վահագն Գրիգորյանն այս տարի դարձավ 80 տարեկան` պահպանելով երիտասարդական արտաքինն ու ավյունը: Հոբելյաններ նշել չի սիրում: «Ազատության» հետ զրույցում ասում է` սիրում է մասնակցել ուրիշների հոբելյաններին, բայց իր հոբելյանները չի նշել, սակայն վերջերս մասնակցել է Իսահակյանի գրադարանում, «Դարան» գրախանութում և երեկ էլ Գրողների միությունում կազմակերպված հանդիպումներին, որոնց համար երախտապարտ է իր գրչընկերներին:

Երկար տարիներ Վահագն Գրիգորյանը բնակվել է Լիտվայում, բայց անպայման տարեկան մի քանի ամիս անցկացնում է Հայաստանում: Նրա վեպերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ինքն էլ նաև բազմաթիվ թարգմանական գրքերի հեղինակ է: Հայաստան է գալիս ապրիլի 24-ից հետո, որպեսզի կարողանա Լիտվայում մասնակցել Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնց կազմակերպման գործում մեծ ներդրում է ունեցել:

«Ես կարող եմ հպարտությամբ ասել` իմ ներդրումը շատ է, որ Լիտվան ճանաչեց Ցեղասպանությունը, ես հոդվածներ գրեցի մամուլում, բանավիճեցի թուրքերի հետ, դարձա այդ միջոցառման հանձնաժողովի նախագահ: Միշտ ապրիլի 24-ից հետո եկել եմ, բացի անցյալ տարվանից և այս տարի էլ չկարողացա գալ», - նկատում է նա:

Հարցին` ինչ դեր ունի այսօր գրականությունը մեր կյանքում, ասում է. «Գրականությունը շատ մեծ դեր ունի: Ես դա հաստատ գիտակցել եմ, որովհետև զարմանալի բան` երբ հայտնվեցի տարվա կեսը, երբեմն էլ ավելի Լիտվայում, իմ գրականության հիմնական թեման հայ ասպետության, հայ ժողովրդի, հայ ազգը դարձավ, իսկ առաջին տարիների գրքերը ինչքան էլ լավն են, բայց նրանք զուտ մարդկային, հոգեբանական … մասին էին, և իմ բոլոր վերջին գրքերը, որ երևացին փաստորեն նոր դարում, միայն վերաբերում են Հայաստանին, հայ ժողովրդին, հայ պետականությանը»:

Վահագն Գրիգորյանի հորդոր-խորհուրդն է գիրք կարդալ. «Ոնց որ գրականություն գոյություն չունի, սա է ցավը, դա էլ պիտի կարողանանք հաղթահարել:

Պիտի մարդիկ մտածեն, համացանց, Ֆեյսբուք, դրա ժամանակը չունենք, մեզնից շատ մեծ ջանք է պահանջում հենց այդ ազգային, պետական, քաղաքականություն վարի երկիրը, պետությունը, ներգրավի մարդկանց: Նույնիսկ Ֆրանսիան, որ Ֆրանսիա է, նրանք Ֆրանկոֆոնիայի օրեր են, սա են դնում այս երկրում, այն երկում, մենք դա էլ չենք անում: Մենք շատ-շատ մտածենք` ռուսաց լեզուն պետական լեզու դառնա: Վերևից ենք ստանում իհարկե»:

«Ազատությունը» հետաքրքրվեց` օրինակ` Լիտվայում հայ գրականության օրեր եղե՞լ են: «Չէ, օրեր չեն եղել, բայց տպագրել են գրքեր, որ թարգմանել են, այդ ձևի միջոցառում են արել, լիտվացիներ հրավիրվել են», - պատասխանեց արձակագիրը:

«Ուզում եմ այնքան ապրել, որ տեսնեմ արդեն ոտքի կանգնող Հայաստան: Կարծում եմ` կկանգնի, երբ դանակը ոսկորին է հասնում, իսկ հիմա ոսկորին է հասել, շատ մոտիկ է, ես հույս ունեմ, որ վերջապես կսթափվի հայ ժողովուրդը, թեպետ առայժմ նշանները շատ քիչ են: Այ սա է, որ հայությունն ամբողջ աշխարհում միանա», - նշում է Վահագն Գրիգորյանը: