«Իմ կյանքն էլ է դաժան, գյուղինն էլ», - դառնանում է որոտանցի Էլվիրա Օհանջանյանը։ Սյունիքի մարզի այս գյուղի մուտքի մոտ են ադրբեջանցիները հենակետ-մաքսակետ տեղադրել ու փակել Գորիս-Կապան մայրուղին։
Տիկին Էլվիրան ասում է՝ որդիս թութ է հավաքում խիստ հսկողության ներքո. - «Պըտի քինա խնդրվի, որ թույլատրեն, որ քինա իրան թութը թափի, բերի։ Էն էլ ավտոմատներով կանգնում են, մինչև ինքը վերջացնի»։
Այժմ բնականաբար խոսք չկա թթենիների բերքը օղու, չամիչի ու դոշաբի վերածելու ու վաճառելու մասին. ոչ ճամփա կա, ոչ էլ շատ բերք հավաքելու հնարավորություն։
Գյուղն ապրում է զինված ադրբեջանցիների շնչի տակ։ Քաղաքի՝ Գորիսի հետ կապը բարդացել է։ Երբ ադրբեջանցիները ճանապարհը հենց Որոտանի հատվածում փակեցին, կառավորթւոյւնը շրջանցիկ ճանապարհ խոստացավ, որը մինչև այժմ ավարտին չեն հասցրել, տեխնիկան անշարժ կանգնած է։
«Էն ժամանակ տասնհինգ-քսան րոպեում էինք հասնում Գորիս, հիմա ժամ-ժամուկեսում ենք հասնում։ Մարդիկ հուսահատվում են, հուսալքվում են, բայց դե ապրում են», - ասում է որոտանցի Ժիրայր Մարությանը։
Նրա խոսքով, մինչև 44 օրյա պատերազմը Որոտանը 160 գլուխ անասուն ուներ, հիմա ընդամենը 70։ Պատերազմից հետո, երբ Կուբաթլուն, Զանգելանը Լաչինը անցան Ադրբեջանի հսկողության տակ, Սյունիքի մի շարք գյուղեր բառացիորեն շփման գիծ դարձան, զրկվեցին նաև արոտավայրերից ու վարելահողերից։
«Մի տխուր շրջափակում է», - ասում է դավիթբեկցի Մարատ Աբգարյանը։ Դավիթ Բեկ գյուղն էլ սահմանին է։
87-ամյա Մարուսյա Խաչատրյանն ասում է՝ հիմա դավիթբեկցիները անասունները վաճառել են ու զբաղվում են ամեն մեկն իր տնամերձով, տնից շատ հեռու գնալ չկա, Ադրբեջանն է. - «Մեր գյուղը շատ լավ գյուղ ա իլալ, բայց հիմա շան հալի ա դառել»։
Դավիթ Բեկը այս պատերազմում մարտադաշտի էր վերածվել, այստեղ Սմերչի արկեր էին պայթում, գյուղում նաև խաղաղ բնակիչ զոհվեց։
«Ոչ մի օր դուրս չեմ եկել։ Էստեղ էի ամեն օր, տեսնում էի ամեն ինչը», - ասում է գյուղի բնակիչ Նինա Ղոնյանը։
Նա ասում է՝ առաջվա կյանքը չկա, բայց եթե խաղաղություն լինի, էլի կապրվի։ Խնդիր է այն, որ ապրուստի հնարավորություններից զրկված սահմանի այս մարդիկ պետությունից համարժեք փոխհատուցում չեն ստանում. - «Մարդիկ վարկ են վերցրել, ապրանք առել, անասուն առել։ Հիմա էդ անասունները որ մնացել է թուրքերին, կրակել են, սատկել ա, էդ վարկերը մնում ա։ Ոչ էլ պետությունը ինչ-որ մի բանով օգնում ա»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է սահմանային գյուղերում մի շարք ծրագրեր իրականացնում՝ վառելափայտի համար բնակիչներին տրամադրվող գումարից մինչև ապաստարանների կառուցում ու տարիներով չլուծվող խմելու ջրի խնդրի լուծում։
«Բնակիչը շաբաթական մի անգամ էր ջուր ստանում, էն էլ կես ժամով։ Պատկերացրեք, քաղաք էին գնում, ջուր էին բերում», - ասում է եղվարդցի Սպարտակ Զաքարյանը։
Նա ասում է՝ հիմա գյուղը ջուր ունի ու դրա շնորհիվ գյուղից հեռացած մի քանի ընտանիքներ վերադարձել են։ Նաև Արցախից տեղահանվածներ են այստեղ ապրում։ Այս գյուղերի խնդիրը հիմա աշխատատեղն է, պետությունը պիտի մտածի, հորդորում են սահմանի սյունեցիները։
«Էս ջահելների համար պետք է պետությունը մտածի», - ասում է որոտանցի Էլվիրա Օհանջանյանը։
Կրակոցները ճիշտ է, լռել են, լուրջ միջադեպեր ադրբեջանցիների հետ չեն եղել, բայց անվտանգության հարցը մնում է գլխավորը։ Եղվարդցի Ռաֆիկ Հախյանը կասկածներ ունի, թե երբևէ կլուծվի այդ հարցը թե' իր գյուղում ու թե' ընդնարապես այս մոլորակի վրա. - «Աշխարհում ապահով տեղ կա՞։ Ապահով տեղ չկա։ Ուկրաինան էլ էր ապահով, Եվրոպայի կենտրոնում, ի՞նչ... ապահով տեղ չկա աշխարհում»։