ՀԱՊԿ-ի գնահատմամբ՝ Ուզբեկստանում իրավիճակը կարող է վատթարանալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) տարածաշրջանում բարդությունների է բախվում Ուզբեկստանում ստեղծված իրավիճակի պատճառով, այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքի քարտուղարության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը։

«Ինֆոֆորում - Սոչի» տեղեկատվական անվտանգության ֆորումում ելույթ ունենալով՝ Կուզնեցովը տեղեկացրել է, որ իրավիճակը վերլուծում են, ռազմական կառույցի կարծիքով՝ իրադրությունը Ուզբեկստանում կարող է վատթարանալ։

«Այդ ամենը չափազանց անկայուն է, սպասվում են բարդություններ», - հայտարարել է ՀԱՊԿ-ի քարտուղարության ներկայացուցիչը։

Ուզբեկստանի կազմում գտնվող Կարակալպակստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաքում ցուցարարների և ուժայինների միջև անցած շաբաթ արյունալի բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը։

Ինքնավար շրջանի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի, որը շրջանին զրկում էր ինքնիշխանության կարգավիճակից և Ուզբեկստանից անջատվելու իրավունքից։ Տաշքենդի պլանների դեմ օրեր տևած տարերային բազմահազարանոց ցույցերից հետո Ուզբեկստանի իշխանություններն ի վերջո ետքայլ արեցին․ երկրի խորհրդարանը քվեարկեց Սահմանադրությունում մարզի ինքնիշխան կարգավիճակը պահպանելու օգտին։

Կարակալպակստանում հուլիսի 3-ից մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հասարակական կարգը հսկում են Ուզբեկստանի ազգային գվարդայի ուժայինները։

Ուզբեկստանը ի տարբերություն երեք հարևանների՝ Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի, ՀԱՊԿ-ին չի անդամակցում: