Այսօր առավոտյան Աշտարակի «Յունիբանկ»-ում պայթյուն է որոտացել, հրդեհ բռնկվել, աշխատակիցներից մեկը մահացել է, վեցը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
«Կնոջս գործի բերեցի էդ ընթացքում էդ պայթյունը հնչեց», - աշտարակցի Արմեն Մինասյանը դռան մոտ է եղել պայթյունի պահին, ապակու կտորները գլխին են ընկել, ճակատը վնասվել է, կնոջ մազերն են վառվել։
«Պայթյունը եղավ, ես շրջվեցի, բոցը տվեց երեսս խանձեց, դրանից հետո էլ բոց չեմ տեսել», - պատմեց Մինասյանը:
Դեպքից ժամեր անց Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, թե պայթյունի պատճառը, նախնական վարկածով, գազի արտահոսքն է։
Մահացածը բանկի մաքրուհին էր, 59-ամյա Ռուզաննա Խաչատրյանը։ Տուժածներից չորսը Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանումունքում են՝ տարբեր աստիճանի այրվածքներով. նրանցից մեկը՝ չորրորդ՝ ծանր աստիճանի. - «Առաջինը տեղափոխվել է ծանր հիվանդը՝ մոտ 45 տոկոս այրվածքային մակերեսով և անմիջապես երեք հիվանդներ, որոնք 15, 20, 25 տոկոս այրվածքային մակերեսով են»:
Տուժածներից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել, Աշտարակի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ոչ միայն բանկն էր ավերվել, այլ վնասվել, կոտրվել էին մոտ 25 մետր հեռավորությամբ գտնվող դիմացի շենքի պատուհանները։ Տիկին Աննայի բնակարանի պատուհանն է վնասվել, ննջարանում թոռնիկն է քնած եղել այդ պահին։
«Շատ ենք վախեցել, թոռս պառկած էր, ուժեղ պայթյունը լսեցինք, բախտներս բերեց, որ շուշան մի տակն է ջարդվել, երկու տակը, որ ջարդվեր, ուրեմն էրեխուս վնաս էր լինելու», - պատմեց տիկին Աննան:
Նա ասաց՝ դեպքը առավոտյան 9-ին է եղել, երբ աշխատակիցները դուռը բացել ներս են մտել, հրդեհ է բռնկվել։ Բնակիչներին թվացել է՝ շենք է փլուզվել։
Կորյուն Ստեփանյանը հարևանությամբ է ապրում, աղմուկից դուրս է եկել, բանկի մուտքի մոտ նկատել գետնին ընկած աշխատակցին. - «Դուրս եկա, ասի, մտնեմ, տեսնեմ ում կարանք օգնենք, էդ կինն էր ընկած դռան մոտ ներսի կողմից, այրված էր, հագուստ չկար, մազեր չկային, էն կարգի, որ մի պահ չէինք հասկանում՝ կին է, թե տղամարդ»:
Թե ինչի հետևանքով է եղել գազի արտահոսքը դեռ պարզ չէ, Քննչական կոմիտեն չի մանրամասնում։ Հարուցվել է քրեական գործ՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից փոխանցում են՝ վերջին վեց ամսվա ընթացքում գազի արտահոսքի հետևանքով չորս պայթյուն է եղել։