«Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։
Արդյունքում, ըստ կոմիտեի, աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:
Նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Առողջապահության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ տուժածներից չորսը հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:
Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդեց, որ Աշտարակի հիվանդանոցում են տեղափոխվել Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․), որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար: Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն», իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։
Ըստ ԱԻՆ-ի, պայթյունի հետևանքով բանկի արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Mazda», «Opel» և երկու «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն Աշտարակի բանկերից մեկում, նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, հինգ տուժած․ ԱԻՆ