Ադրբեջանը կրկին Հայաստանին մեղադրում է իր տարածքը գնդակոծելու համար, Երևանը հերքում է

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Բաքուն մասնավորապես հաղորդել է, որ «հայկական կողմը Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ է արձակել Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Երեկ էլ Երևանն էր հայտնել, որ հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։ Բաքուն հերքել էր հաղորդումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը կրակել է Խաչիկ գյուղի դիրքերի, գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, Բաքուն հերքում է