Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:
Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Որոշումը, թե Հայաստանը ինչ կառավարման ձև է ընտրելու, սկսվելու է այս խորհրդից». ԱնդրեասյանՍահմանադրական բարեփոխումների խորհուրդը պատրաստվում է մինչև տարեվերջ հաստատել Մայր օրենքի նոր հայեցակարգը։
Պառլամենտակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական. կառավարման ի՞նչ մոդել է պետք Հայաստանին՝ հիմնականում այս հարցի պատասխանն է փնտրում խորհուրդը։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատվեց այս տարվա հունվարին: Խորհրդի նախագահն արդարադատության նախարարն է:
Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին մասնակցությունից, և ԱԺ-ից ներկայացված է միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խորհրդարանական ընդդիմությունը կբոյկոտի սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները«Մեր մեծագույն խնդիրն է ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի»
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, վկայակոչելով Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածներն այսօր Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ընդգծելով, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով՝ գործադիրի ղեկավարն արձանագրել է՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն:
«Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի», - ասել է վարչապետը:
«Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը»
Վկայակոչելով Սահմանադրության 3-րդ հոդվածի դրույթները, համաձայն որի՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է՝ Փաշինյանև նաև արձանագրել է՝ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գլխավոր դատախազն առաջարկում է վերահսկել ինտերնետով տարածվող տեղեկատվությունը, իրավապաշտպանները մտահոգված են«Ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում է», - ասել է վարչապետը:
Տեղեկացնելով, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը մինչև տարեվերջ պետք է ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը՝ պարզաբանելով՝ 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:
«Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն», - ուղերձում ասել է գործադիրի ղեկավարը:
«Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը»
Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով՝ Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը:
«Սահմանադրությունը ոչ միայն մեր պետության մայր օրենքն ու խորհրդանիշն է, այլև մեր պետականության անկախության, մեր քաղաքացիների ազատությունների և հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխավորը», - ասել է նախագահն՝ ընդգծելով՝ հենց երկրի մայր օրենքն է ապահովում քաղաքացիների և պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թևերի միջև ներդաշնակ հարաբերությունները:
Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մաղթելով, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում և առօրյա կյանքում: