ԲԴԽ-ն չի կարողացել նախագահ ընտրել. ԺՊ-ի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր երկու փորձից հետո էլ չի կարողացել նախագահ ընտրել, և դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը կրկին ժամանակավոր պաշտոնակատարը կղեկավարի։

Կառույցի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին հունիսի 23-ին ԲԴԽ որոշմամբ։ Նոր նախագահ ԲԴԽ անդամները պետք է ընտրեին տասնօրյա ժամկետում, որը հենց այսօր է լրանում։

Քանի որ նախորդ նախագահը դատավոր անդամ էր, այս անգամ այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ԱԺ կողմից ընտրված գիտնական անդամները։ Այս պահին խորհրդում նրանք երեքն են՝ Դավիթ Խաչատուրյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը ԵՄ դեսպանից պահանջում է չլռել իշխանությունների «հակաժողովրդավարական գործողությունների մասին»

Նրանք երեքն էլ առաջադրվել և բավարար ձայներ չեն հավաքել այսօր կայացած երկու քվեարկությունների արդյունքում։ Քվեարկությունը գաղտնի է, և Բեքմեզյանի փոխանցմամբ՝ չեն կարող ասել նաև, թե ինչպես են բաժանվել ձայները։

«Օրենքն ասում է, որ եթե չի ընտրվում, նշանակվում է նոր ընտրություն, բայց չի ասում, թե երբ է նշանակվում: Չենք որոշել մենք դեռ, ուղղակի պետք է հասկանանք` այդ նոր ընտրությունը երբ պետք է լինի` վաղը, 10 օր հետո, մի ամիս հետո, թե ընդհանրապես ժամկետային սահմանափակում չկա, որ կարողանանք ճիշտ մեկնաբանություն տանք», - ասաց նա:

ԲԴԽ-ը տասը անդամ ունի, հինգը դատավորներ են, որոնց ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, մյուսը հինգը` իրավաբան գիտնականներ, նրանց էլ ընտրում է խորհրդարանը։

Այս պահին, սակայն, գործող յոթ անդամ կա։ Լիպարիտ Մելիքջանյանը հրաժարական է ներկայացրել, քանի որ օրերս Վճռաբեկի դատավոր է ընտրվել, իսկ դա անհամատեղելի է խորհրդի գիտնական անդամի պաշտոնի հետ։ Անցած շաբաթվա սկզբին ԲԴԽ-ն դադարեցրել էր նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ նրա դեմ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում։ Շաբաթավերջին էլ առողջական խնդիրները պատճառաբանելով՝ հրաժարական ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Ջհանգիրյանի հրաժարականից օրեր առաջ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը գաղտնի ձայնագրություն էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Ջհանգիրյանն ինչ-որ գործեր կանգնեցնելու հավաստիացումներ տալիս այդ պահին քրեական գործով անցնող, մեղադրյալ Վարդազարյանին ու խոսում քննությանը միջամտելու իր հնարավորությունների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվել են

Նոր նախագահ չընտրելու պարագայում նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի ամենատարեց անդամը, այս դեպքում դա սկանդալային ձայնագրության մեկ այլ մասնակից Ստեփան Միքայելյանն էր, բայց ինչպես փոխանցում են խորհրդից, վերջինս հրաժարվել է այդ պաշտոնից, և խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի տարիքով հաջորդ ամենաավագը՝ Սերգեյ Չիչոյանը։ Նա ևս օրերս Վճռաբեկի դատավոր է ընտրվել, սակայն որպես խորհդի դատավոր անդամ կարող է համատեղել դատավորի աշխատանքն ու ԲԴԽ անդամակցությունը։

ՔԿ-ն հայտնում է քրեական գործի հարուցման մասին

Սկանդալային ձայնագրության հրապարակումից երկու շաբաթ անց և Ջհանգիրյանի հրաժարականից հետո նոր միայն Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրեց քրեական գործի հարուցման մասին։ Վարույթը հարուցվել է երկու հոդվածով՝ ծառայողական լիազորությունները ի վնաս պետական շահի օգտագործելը և արդարադատության իրականացմանը խոչընդոտելը։

Քննչականի մամուլի խոսնակը չհստակեցրեց, թե ինչ կարգավիճակ ունեն ձայանագրության մասնակիցները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաքունցը Ջհանգիրյանի նկատմամբ վարույթ չհարուցելու որոշումն անհիմն է որակում, Բեքմեզյանը հակադարձում է

«Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի առաջին մասով և 486-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ», - ասաց նա:

Ավելի վաղ ԲԴԽ-ից էին հաղորդել, որ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է, քանի որ հանձնաժողովը համարել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Վարդազարյանը 2021թ. փետրվարին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։