Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, այսօր ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը։
Միրզոյանն նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։
Ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած փոխայցելությունները՝ Միրզոյանը նկատել է՝ դրանք նոր խթան են հաղորդել հայ-հնդկական համագործակցությանը։
«Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021թ-ին այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016թ-ի շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով՝ անելիքներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության, մշակույթի, կինոյի բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար:
«Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար: Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար», - ասել է Միրզոյանը։
Նկատելով, որ Հայաստանում ուսանում է շուրջ 2 հազար 200 հնդիկ ուսանող, հիմնականում բժշկական մասնագիտություններով՝ արտաքին գործերի նախարարն ասել է՝ այստեղ էլ հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Հնդկաստանը նոր մակարդակի են բարձրացնելու համագործակցությունը պաշտպանական ոլորտում. Միրզոյան