Կոպենհագենի կենտրոնական շրջանից 5 կիլոմետր հեռու գտնվող առևտրի կենտրոնը երկուշաբթի առավոտյան շրջափակված է ոստիկաններով և մուտքն արգելող ժապավեններով։ Նախօրեին այստեղ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ոստիկանության գլխավոր տեսուչ Սորեն Թոմասենն այսօր ճեպազրույցում հայտնել է, որ երեք մարդ է սպանվել, երկուսը դանիացի են, երրորդը՝ Ռուսաստանի քաղաքացի։
Նա նաև հայտնել է, որ չորս մարդ է վիրավորվել, երկուսը` Դանիայի, երկուսը՝ Շվեդիայի քաղաքացիներ։ Վիրավորների վիճակը ծանր է գնահատվում։
Կասկածյալը ձերբակալվել է կիրակի օրը` ժամը 17։45-ի սահմաններում։ Նրա մոտ հրացան և զինամթերք է հայտնաբերվել։ Նա Դանիայի քաղաքացի է։ Հանցագործության շարժառիթները դեռ պարզ չեն։ Ոստիկանության գլխավոր տեսուչն ասել է, որ կատարվածն ահաբեկչություն որակելու համար տվյալներ չկան։
Միջադեպից հետո ոստիկանությունը որոնողական գործողություններ էր իրականացնում ձերբակալվածի հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար, սակայն այսօր առավոտյան հաղորդվեց, որ նա հավանաբար միայնակ է գործել։