Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ:
Վարչապետն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ի ժողովուրդը և բոլոր կառավարությունները հետևողականորեն գնացել են ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման ճանապարհով՝ շարունակելով՝ Միացյալ Նահանգների դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման, այլև տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ զարգացման միջավայր ձևավորելու տեսանկյունից:
«Մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա: Ուրախ եմ արձանագրել, որ ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ», - ասել է Փաշինյանը։
Վահագն Խաչատրյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարևորագույն գործընկերներից է:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք առկա փոխգործակցությունը՝ հարստացնելով երկկողմ օրակարգը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակներում: Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, այնպես էլ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին», - նշել է նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ամերիկյան խորհրդակցությունները տնտեսականից վերաճել են ռազմավարական երկխոսության․ փոխվարչապետ